Արմավիրի դատարանից այսօր փախած կալանավորին դեռ փնտրում են:
MakaryanNews-ը տեղեկացավ, որ ոստիկանությունը մի քանի ժամ է` Արմավիրի մարզում ուժեղացված ծառայություն է իրականացնում, որպեսզի րոպե առաջ հայտնաբերեն փախած կալանավորին, որն, ի դեպ, հենց ոստիկանության մեղքով է կարողացել փախչել դատարանից:
Իսկ ինչպե՞ս է դատարան բերված կալանավորին հաջողվել փախչել դատարանից` խուսափելով իրեն ուղեկցող ոստիկանների հսկողությունից:
MakaryanNews-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել ուշագրավ միջադեպից:
Բանն այն է, որ երբ ոստիկանների ուղեկցությամբ կալանավորը տարվում է դատարան, նրան որոշ ժամանակ պահում են դատարանի դահլիճին կից հատուկ սենյակում` մինչև դատավորը կժամանի: Այդ ընթացքում կալանավորը գտնվում է փակ սենյակում և ոստիկանների հսկողության ներքո: Բայց այս անգամ ոստիկանները պատշաճ հսկողություն չեն իրականացրել, և ոչ միայն ուշադիր չեն եղել իրենց վստահված կալանավորի նկատմամբ, այլ նաև տվյալ սենյակի բանալիները թողած են եղել սեղանին և դուրս եկել: Կալանավորն էլ, օգտվելով առիթից, վերցրել է բանալիները, բացել դռներն ու դիմել փախուստի:
Մինչև ոստիկանները հասկացել են` ինչ է կատարվել, արդեն ուշ է եղել: Այսինքն` այս միջադեպը ակնհայտ ոստիկանության աշխատակիցների թերացման հետևանքով է եղել, և ամենայն հավանականությամբ` սրա համար նաև պատժվողներ կլինեն:
Ի դեպ, կալանավորներին ուղեկցելու պարտականությունը, իրականում, պետք է ամբողջությամբ վերապահվի քրեակատարողական ծառայությանը, բայց մինչև հիմա դեռ որոշ դեպքերում ոստիկանությունն է այդ գործառույթն իրականացնում:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ