MakaryanNews-ի բացառիկ տեղեկություններով` 2026 թվականի օգոստոսի 12-ին Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող արտադրանքի վերահսկողության շրջանակներում հայկական սննդամթերքում և ըմպելիքներում հայտնաբերվել են տեխնիկական կանոնակարգերի ու մակնշման խախտումներ, ինչի հիման վրա դրանց նկատմամբ կիրառվել են համապատասխան սահմանափակումներ։
Մասնավորապես, միկրոկենսաբանական ռիսկերի տեսանկյունից անվտանգության նորմերին չեն համապատասխանել «DARBAS» մոխիտո գազավորված ըմպելիքը («Արսեն և Ներսես» ՍՊԸ), կարմիր կծու պղպեղը (ԱՁ Բ.Մ. Խաչատրյան) և «Արմսպեցի» աղացած համեմը (ԱՁ Գ.Ս. Վարդանյան)։
Մակնշման և թվային հետագծելիության խախտումներ. Պիտակավորման անճշտություններ, «Честный знак» նույնականացման կոդերի բացակայություն, արտադրողի կողմից մակնշման վրա հայտարարված տեղեկատվության անհամապատասխանություն է գրանցվել «IJEVAN 1951» ընկույզի մուրաբայի («Իջևանի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ), «Foodland» («Ոսկանյան Գրուպ» ՍՊԸ), «Norfood» («ՆՈՐ ՖՈՒԴ» ՍՊԸ), «Fruit Land» («Ռոզֆրուդ» ՍՊԸ), «Wosky» («Ռուբինաս» ՍՊԸ) կոմպոտների, «Dvin» ռեհանի ըմպելիքի («Արմդվին» ՍՊԸ), «Noyan» մարինացված կծու պղպեղի («Եվրոտերմ» ՓԲԸ), «KERAKUR» բանջարեղենային պահածոների («Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ), ինչպես նաև «Բջնի» («Հանքային ջրերի «RRR» գործարան» ՓԲԸ) և «Просто Азбука» («Վատերլոկ» ՍՊԸ) խմելու և հանքային ջրերի խմբաքանակներում։
