Գործարար Նարեկ Նալբանդյանը, որ հավակնում էր ավելի քան 11 մլրդ դրամով ձեռք բերել Հրազդանի ցեմենտի գործարանը, պարզվում է, միլիոնավոր դրամների պարտքեր է կուտակել տասնյակ ընկերությունների նկատմամբ, որոնք չի վճարում։ Արդյունքում մի շարք տնտեսվարողներ նրա դեմ դատական հայցեր են ներկայացրել։ Խոսքը, մասնավորապես, Նարեկ Նալբանդյանի հիմնադրած ու նրան պատկանող «88» սուպերմարկետների ցանցի մասին է, որը գործում է«ՆՆ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներքո։
MakaryanNews-ը «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դատական հայցերը ներկայացվել են վերջին 1-1,5 տարում՝ 2025 թվականի մայիս ամսից սկսած։ Նալբանդյանին պատկանող ընկերության դեմ քաղաքացիական հայցեր է ներկայացրել այս պահի դրությամբ 17 ընկերությունը, որոնք, ինչպես հասկանում ենք դատական գործերից, ապրանք են մատակարարել «88» սուպերմարկետների ցանցին, սակայն դրա դիմաց գումար չեն ստացել։ Այդ ընկերություններից են, օրինակ, «ՍԱՍ-գրուպը», որը առաջին հայց ներկայացնողն է, «Փարիզյան սուրճ», «Անիպլաստը», «Արկոլադը», «Անմոռուկը» և այսպես շարունակ։ Օրինակ՝ «ՍԱՍ-գրուպը» Նարեկ Նալբանդյանին պատկանող «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ից, որը «88» սուպերմարկետների ցանցն է աշխատեցնում, դատարանի միջոցով պահանջում է բռնագանձել 8 մլն 469 հազար 257 դրամ, որից 8 մլն 222 հազար 577 ՀՀ դրամը՝ որպես մատակարարված ապրանքների դիմաց չվճարված գումար,իսկ մնացյալ 246 հազար 680 դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
«Փարիզյան սուրճ ֆակտորի» ընկերությունն էլ նույն կերպ «ՆՆ հոլդինգից» պահանջում է բռնագանձել 5 մլն 521 հազար 392 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար։
«Արսեն և Երվանդ» ՍՊԸ-ն էլ դատարանի միջոցով «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ից պահանջում է բռնագանձել իրեն հասանելիք 1 մլն 583 հազար 647 ՀՀ դրամ պարտքը։
«ԱԱՍ ԻՆԴՈՒՍՏՐՅԱ» ՍՊԸ-ն էլ երկու հայց է ներկայացրել Նալբանդյանին պատկանող «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ դեմ, որոնցից մեկով պահանջում է բռնագանձել՝ 12 մլն 467 հազար 529 ՀՀ դրամ, մյուսով՝ 12 մլն 841 հազար 555 դրամ։
«ՆՆ հոլդինգից»ամենախոշոր պարտավորություններից մեկը «Նաիրի Լենդ» ՍՊԸ-ի նկատմամբ է։ Այս ընկերությունն էլ Նարեկ Նալբանդյանին պատկանող «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ից պահանջում է բռնագանձել 28 մլն 868 հազար 91 ՀՀ դրամ։
Իսկ, ահա, շոկոլադ արտադրող «Արկոլադ» ընկերության հանդեպ Նալբանդյանի սուպերմարկետների ցանցի պարտավորությունն այս ցանկից թերևս ամենափոքրն է՝ ընդամենը 242 հազար 70 դրամ, բայց նույնիսկ այս չնչին գումարը բիզնեսում մեծ հավակնություններ ցուցաբերող խոշոր գործարարին պատկանող ընկերությունը չի կարողացել կամ չի ցանկացել վճարել, արդյունքում՝ «Արկոլադը» ստիպված է եղել դիմել դատարան։
Մոտավոր հաշվարկով այս բոլոր ընկերությունների նկատմամբ Նարեկ Նալբանդյանին պատկանող «ՆՆ հոլդինգից» ՍՊ ընկերության պարտքը կազմում է շուրջ 100 մլն դրամ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ