Հայկական կոնյակը, գինին ու մյուս ալկոհոլային խմիչքները՝ վրացական «լաբորատոր սպասման» մեջ

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Վերջին երկու օրվա ընթացքում վրացական կողմը կրկին խստացրել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը։

Հայաստանից կոնյակ, գինի, օղի և այլ ալկոհոլային խմիչքներ տեղափոխող բեռնատարները կանգնեցվում և տեղափոխվում են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Գեյզիի անցակետ՝ լրացուցիչ ստուգումների համար։ Բեռներից նմուշներ են վերցվում և ուղարկվում լաբորատոր փորձաքննության։

Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը։

Վարորդներին հայտնում են, որ կարող են վերադառնալ Հայաստան և սպասել զանգի։ Ոչ հստակ ժամկետներ, ոչ էլ բեռի հետագա ընթացքի վերաբերյալ որևէ կոնկրետ պատասխան։

Փաստորեն, վարորդները վերադառնում են Հայաստան, իսկ իրենց բեռնատարներն ու բեռները մնում են Գեյզիում՝ անորոշ սպասման մեջ։ Եվ այդ սպասումը կարող է տևել ոչ թե մեկ-երկու օր, այլ օրեր, նույնիսկ շաբաթներ։

Ստացվում է բավականին տարօրինակ իրավիճակ․ հայկական կոնյակը, գինին և մյուս ալկոհոլային արտադրանքները մինչև Ռուսաստան հասնելը պետք է անցնեն մի իսկական «լաբորատոր ճանապարհորդություն», որի ավարտի ժամկետը ոչ ոք չի կարող ասել։

Իսկ ինչո՞ւ ոչ․ չէ՞ որ տարանցիկ երկրում բեռը կարող է այնքան երկար մնալ, որ նույնիսկ իր վերջնական նպատակակետին հասնելու մասին սկսի մոռանալ։

Այս ամենը լուրջ խնդիրներ է ստեղծում հայկական արտադրողների, արտահանողների և բեռնափոխադրողների համար։ Բեռների ուշացումներ, լրացուցիչ ծախսեր, խախտված պայմանագրեր և, ամենակարևորը, անորոշություն։

Իսկ թե ինչն է դարձել վրացական կողմի ստուգումների հերթական խստացման պատճառը, ինչ են փնտրում լաբորատորիաներում և որքան է շարունակվելու այս գործընթացը՝ առայժմ հստակ պատասխաններ չկան։

Մի բան, սակայն, ակնհայտ է․ հայկական ալկոհոլային արտադրանքի արտահանումը կրկին վերածվում է ոչ միայն առևտրային, այլև լուրջ կազմակերպչական փորձության։

Եվ այս ամենի ֆոնին մնում է մի պարզ հարց՝ եթե Վրաստանը տարանցիկ երկիր է, ապա ինչո՞ւ հայկական բեռները ստիպված են այնտեղ օրերով ու շաբաթներով սպասել՝ առանց հստակ պատասխանների։

Կիսվել նյութով