MakaryanNews-ը քիչ առաջ հայտնել էր, որ ՔՊ-ի ներքին չաթում Վահագն անունով մի ՔՊ-ական առավոտից հոսանք չունենալու պատճառով իր անկեղծ դժգոհությունն է հայտնել ՀԷՑ նորահայտ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից։ Նրա այդ անկեղծ վրդովմունքն իսկական «ռազբոռկայի» է վերածվել ՔՊ-ականների փակ խմբում։ Մասնավորապես, Վահագնի ուղարկած ձայնային հաղորդագրությունը, դուր չի եկել ՔՊ-ական պատգամավոր, Աննա Հակոբյանի բարեկամ Էդգար Հակոբյանին, որը որոշել է իր ձևով սաստել անհայտ ՔՊ-ականին և լռեցնել նրան։
«Վահագ ջան, նախ չեմ հասկանում՝ խի՞ ես վրդովվել կամ, ասենք, ի՞նչ իմաստ ունի սենց ձայնայիններ էս խմբում թողնել։ Կամ քեզ ո՞վ ա ասել, որ ամբողջ Հայաստանի մալուխները փոխվել ա։ 30 տարի մալուխ փոխված չի եղել Հայաստանում, փոխելով էթում են՝ պադստանցիներից բռնած, մալուխներից բռնած։ Էդ որ, ասենք, ձեր տարածքում էլ փոփոխություններ ա արվում, կարո՞ղ ա գիտես՝ առանց հոսանք անջատելու պետք ա էդ ամեն ինչը արվի։ Կամ էս ի՞նչ խոսալու ձև ա, չեմ հասկանում։ Մյուս անգամ չտենամ․ Վահագ ջան, նման ձևի, նման տոնով էս խմբում մտնես ինչ-որ բան քցես։ Մնացածը՝ հեսա կզանգեմ կխոսանք իրար հետ»,-պատասխան ձայնայինով իր կուսակցին սաստել է Աննա հակոբյանի բարեկամ պատգամավորը։
Այսքանով, սակայն, չի հանգստացել և շարունակել է մուննաթ գալ Վահագն անունով ՔՊ-ականի վրա, որը, պարզվում է, վերջերս ինչ-որ պաշտոնի է նշանակվել պետական ապարատում։
«Կամ, Վահագ ջան, մինչև պետական կառավարմանն անցնելը ո՞ւր էիր՝ ձենդ չէր լսվում։ Էդ փոփոխությունները նոր ա արվում, անջատումներ պետք ա արվի, չե՞ս կարում էդքանը հասկանաս։ Մինչև էս խի՞ ձեն չէիր հանում, բա»,-շարունակում է ՔՊ-ին հատուկ «ժողովրդավարական» մեթոդներով իր կուսակցի բերանը փակել Էդգար Հակոբյանը։
Ռոմանոս Պետրոսյանի վատ կառավարումից տուժած ՔՊ-ական Վահագն էլ իր հերթին արձագանքել է, պատասխան ձայնային է ուղարկել, թե ինչու է ինքն այդպես վրդովված։
«Բարև Ձեզ, պարոն Հակոբյան։ Ուրեմն ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, շատ լավ ընկալում եմ, Ձեր ասած բարեփոխումները արվում ա գլոբալ, բայց կոնկրետ հիմա բարեփոխում չի, այլ պարզապես վթար ա, ու երբ զանգում ենք ինչ-որ հոսանքազրկման դեպքում, մեզ ասում են՝ վթար ա, ոչ թե՝ բարեփոխում ենք, ժողովուրդ ջան, դիմացեք, ասում են՝ վթար ա, ու անընդհատ էդ վթարները լինում են։ Վրդովված եմ, որովհետև շարունակական ա էդ պրոցեսը, համարյա ամեն օր հոսանզարկում ա, ու մենակ ես չեմ վրդովված, էս ամբողջ ժողովուրդն ա վրդովված, եթե իրենք լինեին էս խմբում, իրենք էլ նույն ձևի ձայնային կուղարկեին»,-իր ձայնայինում ասել է վրոդվված ՔՊ-ականը՝ նկատելով, որ վրդովվածությունը մարդկային, հոգեբանական վիճակ ա։
«Ես չգիտեի, որ խմբի կանոններին հակասում ա վրոդվված ձայնային ուղարկելը։ Ես, ի վերջո, մարդ եմ, չգիտեմ՝ էլ ո՞ւմ բողոքեմ, ո՞ւմ ասեմ։ Խմբում էլ եմ գրել, որ Ծերենցի փողոցում համարյա ամեն օր հոսանքազրկում է, ոչ մի արձագանք չի եղել, ՀԷՑ էլ զանգում ենք, ոչ մի բան չի փոխվում՝ արձագանք չկա։ 30 տարի ես շատ լավ գիտեմ՝ ինչ ա եղել, ոնց ա եղել։ Էն ժամանակ էլ ինչքան կարողացել ենք, ձեն հանել ենք, ես՝ նույնպես։ Իսկ թե ուր էինք, ինչի ձեն չէինք հանում, որովհետև շատ լավ գիտեինք՝ ձեն հանողներին ինչ են անում։ Հիմա գիտենք, որ էդ վիճակը չի, որ կարանք մեր բողոքը արտահայտենք, կամարտահայտվենք, դրա համար մեզ չեն տա պատերի տակ սպանեն, կամարտահայտվում եմ՝ ես անձամբ։ Հիմա ես պետք ա վախենա՞մ, ի՞նչ անեմ, Ձեր ձայնայինից ի՞նչ հասկանամ ես, պարոն Հակոբյան ջան, ի՞նչ անեմ ես հիմա, վա՞խ ապրեմ, որ սխալ բան եմ արել։ Եթե ես հիմա պետք ա վախենամ, եթե ինձ ինչ-որ բան ա սպառնում, ես ոչ մի ձայնային չեմ ուղարկի, իհարկե»,-արդեն նախազգուշանալով իր խոսքն ավարտել է ՔՊ-ի հորինած «դեմոկրատիայի» շունչն իր մաշկի վրա զգացած ՔՊ-ականը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ