Հայաստանը ներկայացվում է որպես «ադրբեջանցիների բնակության տարածք»։ Փաստաթղթում նշվում է նաև միջազգային առաքելության, այդ թվում՝ ուժային բաղադրիչի անհրաժեշտությունը։
ՕՊԵՐԱՑԻԱ «ՄԱԿ»
2023 թվականի փետրվարի 22-ին այս հայեցակարգը ներկայացվեց ՄԱԿ-ում և դարձավ պաշտոնական շրջանառության փաստաթուղթ։
Դրանով «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտավ միջազգային դիվանագիտական լեզու։
2024 թվականին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ում հայտարարեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՃԱԿԱՏ
WAC-ը ակտիվորեն դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ պնդելով, թե Հայաստանում ոչնչացվում է «ադրբեջանական ժառանգությունը»։
Փորձագետների գնահատմամբ՝ այս մեխանիզմը կարող է օգտագործվել միջազգային միջամտության հիմքեր ստեղծելու համար։
«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ԴԵՄՔԵՐԸ
Այս նախագծի իրականացման մեջ ներգրավված են մի շարք առանցքային գործիչներ․
Ազիզ Ալաքբարլի – համայնքի նախագահ, պատգամավոր։ Համարվում է ծրագրի հիմնական համակարգողներից մեկը և ունի կապեր տարածաշրջանային երկրների հետ։
Հիքմեթ Բաբաօղլու – փոխնախագահ, աշխատում է եվրոպական ուղղությամբ՝ փորձելով նախագիծը ներկայացնել որպես «մարդու իրավունքների հարց»։
Միսիր Մարդանով – խորհրդի նախագահ, նախկին նախարար։ Իր կենսագրության մեջ նշում է ծննդավայր՝ «Արևմտյան Ադրբեջան», ինչը վկայում է այս ծրագրի պետական հովանավորության մասին:
Էլխան Հուսեյնով – գիտական ուղղության պատասխանատու, ձևավորում է գաղափարախոսության «ակադեմիական հիմքը»։
Ջաբի Բահրամով – պատմաբան, հանդես է գալիս առավել կոշտ հայտարարություններով՝ կասկածի տակ դնելով Հայաստանի պետականության իրավաչափությունը։
Ռամիզ Մեհտիև – նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ըստ տվյալների՝ ներգրավված է ծրագրի փակ հատվածներում, ներառյալ սեփականության պահանջների ձևավորումը։
Նազիմ Մուստաֆա – պատմաբան, զբաղվում է պատմական նարատիվների ձևավորմամբ։
Նախագծի միջազգային աջակցությունը ապահովում են նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ քաղաքական, ակադեմիական և հասարակական ոլորտներից։
ՄԵԴԻԱ ՄԵՔԵՆԱՆ
Ադրբեջանում ստեղծվել է ամբողջական մեդիա համակարգ՝
• «Qərbi Azərbaycan TV» հեռուստաալիք
• Պետական հեռուստատեսությամբ սերիալներ
• Փաստագրական ֆիլմեր, որոնք ներկայացնում են Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան»
Այս արտադրանքները տարածվում են նաև միջազգային հարթակներում։
ԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2023 թվականից ադրբեջանական դասագրքերում Հայաստանը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Դասագրքերում նշվում է, որ Հայաստանը ստեղծվել է «ադրբեջանական հողերի վրա», իսկ պատմությունը ներկայացվում է համապատասխան ձևով։
«Քարտեզները վերաձևակերպվել են, և «Հայաստան» բաժինը հաճախ փոխարինվում է «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպմամբ։
Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ փաստաթղթեր, կապեր և գործընթացներ։
Եզրակացությունը հստակ է․
«Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը այլևս պարզապես հռետորաբանություն չէ։ Դա բազմաշերտ քաղաքական, տեղեկատվական և դիվանագիտական ռազմավարություն է։
Սկզբում փոխվում են անվանումները։
Այնուհետև՝ պատմությունը։
Եվ վերջում՝ կարող են փոխվել սահմանները։
Հարցը մնում է բաց՝ արդյո՞ք Հայաստանում կձևավորվի այնպիսի իշխանություն, որը կդիմակայի Բաքվի ագրեսիվ նկրտումներին, արդյո՞ք միջազգային հանրությունը կարձագանքի ժամանակին, թե գործընթացները կմտնեն անդառնալի փուլ»,-գրել է Սուրենյանցը։