«Մենք հայցում ենք լրատվամիջոցների ներողամտությունը»․ ինչո՞ւ Սամվել Կարապետյանը չի պատասխանել լրագրողների հարցերին և ինչո՞ւ են արգելել նիստի տեսաձայնագրումը

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի՝ լրագրողների համար գրեթե դռնփակ ձևաչափով անցկացումը հարուցել էր նիստը լուսաբանող լրագրողների անկեղծ վրոդվմունքն ու տարակուսանքը։ Ամիսներ շարունակ Կարապետյանի նիստերը դատարանի բակում՝ ցրտին ու տապին լուսաբանած լրագրողները զարմացած էին, թե ինչու այսօր Սամվել կարապետյանի պաշտպանական թիմը դեմ արտահայտվեց նիստի տեսաձայնագրմանն ու ուղիղ հեռարձակմանը, երբ դա վերջապես բացառիկ հնարավորություն էր ընձեռվել իրենց պաշտպանյալի համար՝ առանց օրենքը խախտելու հանրության առջև ելույթ ունենալ և ասել այն, ինչ ամիսներ շարունակ չէր կարողանում ասել կալանքի տակ գտնվելու պատճառով։

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արմեն ֆերոյանը MakaryanNews-ի հետ զրույցում, հայցելով լրատվամիջոցների ներողամտությունը, իրենց այդ որոշումն այսպես մեկնաբանեց․ «Մենք փաստաբաններով ենք եկել այդ եզրահանգման, քանի որ այդ տեսանկարահանումը և ուղիղ եթերով հեռարձակումը շատ մեծ դժվարություններ է առաջացնում մասնագիտական ու փաստաբանական աշխատանքի համար, և, դրանով պայմանավորված՝ մենք որոշել ենք, որ համենայնդեպս գոնե էս սկզբնական փուլերում, ավելի էֆեկտիվ դատական պրոցես ունենալու համար տեսանկարահանումները մեզ ուղղակի խանգարում են և խոչընդոտում մեր բնականոն աշխատանքը»։

Ֆերոյանը նաև անդրադարձավ նրան, որ լրագրողներն այսօր դատական նիստից հետո մոտեցել են Սամվել Կարապետյանին և հարցեր ուղղել նրան, որոնց, սակայն, Կարապետյանը չի պատասխանել։ Փաստաբանը դա բացատրեց նրանով, որ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին արգելված է հարցազրույցներ տալ։

«Մենք հայցում ենք լրատվամիջոցների ներողամտությունը և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այդ ամենին, քանի որ պարոն Կարապետյանն իրավունք չունի շփվելու լրագրողների հետ։ Նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք՝ իր սահմանափակումներով հանդերձ, և լրագրողների հետ շփումը դիտարկվելու է որպես տնային կալանքի պայմանի խախտում, որը բերելու է խափանման միջոցի վերանայման»,-ասաց պարոն ֆերոյանը՝ նշելով, որ այդ խնդրի կարգավորման համար իրենք հաջորդ դատական նիստերում այդ հարցը անպայման բարձրացնելու են։

«Մենք շատ կարևորում ենք, որպեսզի պարոն Կարապետյանը շփվի լրատվամիջոցների հետ, մամուլի ասուլիսներ տա, հարցերի պատասխանի, բայց դրանք պետք է անենք իրավական գործընթացների ճիշտ պահպանման տիրույթում, հակառակ դեպքում կլինեն իրավական խնդիրներ»,-ընդդծեց Կարապետյանի պաշտպանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով