Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրամիությունը Թբիլիսիից պահանջում է կատարել մի շարք քաղաքական պայմաններ՝ անվիզա ռեժիմը պահպանելու համար, այդ թվում՝ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
«Մեզ ասում են՝ եթե ցանկանում եք պահպանել անվիզա ռեժիմը, պետք է պատժամիջոցներ սահմանեք Ռուսաստանի դեմ, այսինքն՝ ինքնասպանություն գործեք։ Եթե երկիրը կործանվի, էլ ո՞վ է մեկնելու Եվրոպա առանց վիզայի»,- նշել է նա։
Պապուաշվիլիի խոսքով՝ Բրյուսելը նաև պահանջում է, որպեսզի Վրաստանի վիզային քաղաքականությունը համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ում արդեն պատրաստ է Վրաստանի նկատմամբ անվիզա ռեժիմի սահմանափակման մեխանիզմը։ 2025 թվականի դեկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած նոր կանոնների համաձայն՝ Եվրամիությունը կարող է նախ սահմանափակել դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների արտոնությունները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այդ սահմանափակումները տարածել նաև մյուս քաղաքացիների վրա։
Վերջին տարիներին Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերությունները զգալիորեն սրվել են։ Եվրահանձնաժողովը նախորդ տարվա նոյեմբերին հրապարակած զեկույցում նշել էր, որ Վրաստանը հետընթաց է արձանագրել ԵՄ հանձնարարականների կատարման հարցում։ Փաստաթղթում ընդգծվել էին քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները, անկախ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները, ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հալածանքները, ինչպես նաև եվրոպական կառույցների հասցեին թշնամական հռետորաբանությունը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվի, Վրաստանը փաստացի չի ունենա ԵՄ անդամակցության իրական հեռանկար։ Սակայն Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին վստահեցրել է, որ երկիրը կարող է միանալ Եվրամիությանը մինչև 2030 թվականը։