Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Եկատերինբուրգում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Նույն օրը երկու երկրների կառավարությունների ղեկավարները կմասնակցեն Սվերդլովսկի մարզի մայրաքաղաքում անցկացվող «Իննոպրոմ» 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
Սա կլինի Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Ռուսաստան՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերը՝ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում։
«Իննոպրոմ» 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի հուլիսի 6-9-ը Եկատերինբուրգում։ Այս տարվա ցուցահանդեսի գործընկեր երկիրն առաջին անգամ Ինդոնեզիան է։