Շատ լավ աշխատել եմ որպես մարզպետ, հիմա էլ, կարծում եմ, Օրենսդիրում կարող եմ շատ լավ աշխատել․ Ահարոն Սահակյան

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ը տեղեկություն ուներ, որ Կոտայքի մարզպետ, գառնեցի Ահարոն Սահակյանը շուտով կազատվի զբաղեցրած պաշտոնից, ու նրա փոխարեն ՔՊ-ական իշխանությունները մտադիր են մարզպետ նշանակել հրազդանցի Լիլիթ Ստեփանյանին, որը ՔՊ-ական պատգամավոր էր նախորդ խորհրդարանում։ Այսօր մամուլում ևս նմանատիպ տեղեկություն հայտնվեց։

Ահարոն Սահակյանը MakaryanNews-ի հետ զրույցում ուղիղ չհաստատեց տեղեկությունը, բայց և չհերքեց, որ հնարավոր է՝ ինքը գնա պատգամավոր աշխատելու, Լիլիթ Ստեփանյանն էլ գա իր տեղը՝ մարզպետ։

«Ես հիմա արձակուրդում եմ գտնվում, արձակուրդից դուրս գամ, նոր կհասկանամ։ Քաղաքական թիմը, եթե որոշի, որ մանդատս վերցնեմ, կվերցնեմ»,-ասաց նա։

-Կարո՞ղ է՝ չեք գոհացրել քաղաքական թիմին մարզպետի պաշտոնում, որ ուզում են Ձեզ ուղարկել խորհրդարան, կարծես թե Ձեր ռեյտինգը բավականին բարձր էր։

-Չէ, շատ լավ աշխատել եմ որպես մարզպետ, հիմա էլ, կարծում եմ, Օրենսդիրում կարող եմ շատ լավ աշխատել։

-Բայց Դու՞ք եք ուզում գնալ Օրենսդիր, թե՞ թիմն է այդպես որոշել։

-Այո, ես։

-Ուզում եք Լիլիթ Ստեփանյանի հետ տեղերով փոխվե՞լ։

-Ես չգիտեմ՝ ով ուր կգնա, դեռ նման խոսակցություններ չկա, ոչ մեկի հետ չեմ քննարկել։

-Իսկ այն, որ մարզպետարանները մտադիր են լուծարել, այդ մասին ի՞նչ կարող եք ասել։

-Բացարձակ տեղեկություն չունեմ։

-Թեպետ՝ Ձեզանից հետո կարող են և լուծարել, ինչպես ասում են՝ ինձանից հետ թեկուզ ջրհեղե՞ղ։

-Չէ, ինչո՞ւ, թող աշխատեն։

-Ամեն դեպքում, Դուք արդեն, կարծես թե, տրամադրվել եք, որ գնաք Օրենսդիր, ճի՞շտ է։

-Հա, կարելի է ասել՝ իմ ուժերը էնտեղ էլ եմ ուզում փորձել։

-Իսկ Լիլիթ Ստեփանյանի մասին ի՞նչ կարող եք ասել՝ որպես ապագա մարզպետացու։

-Ես Լիլիթ Ստեփանյանի հետ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ունեմ, գուցե կարող է սուբյեկտիվ լինի իմ կարծիքը, բայց կարծում եմ՝ նորմալ թեկնածու է, եթե իրեն են դիտարկում, իհարկե։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով