Տեսչականը մտել է նաև «Գազ պրոպան» ու «Ֆլեշ», իսկ «Օռանժի» լցակայաններն արդեն գործում են

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մտել է «Օռանժ օիլ» լցակայանների ցանց, ստուգումներ իրականացրել և խախտումներ հայտնաբերել: Դրանից հետո ընկերության 10 լցակայաններ կապարակնքվել են:

MakaryanNews-ը տեղեկացավ, որ կապարակնքված լցակայանները կարճ ժամանակ անց նորից բացվել են, քանի որ ընկերությունը խախտումների մի մասը վերացրել է: Ընդ որում, ստուգումները տեղի են ունեցել տևական ժամանակ առաջ, բայց հաղորդագրություն, չգիտես ինչու, տարածել են հիմա:

Խախտումները հիմնականում եղել են չափիչ սարքերի բացակայության մասով, քանզի ոչ բոլոր լցակայաններում է ընկերությունն ունեցել չափիչ սարքեր, որոնք, ի դեպ, արտադրվում են
Չարենցավանում և բավականին թանկ արժեն` հատը 185.000 դրամ: Նաև QR կոդեր ու համապատասխան գրություններ չեն եղել փակցված: Որոշ լցակետերում արձանագրվել են նաև գերլիցքավորման և թերլիցքավորման դեպքեր:

Մեր տեղեկություններով` Տեսչական մարմինը ստուգումների նպատակով մտել է նաև «Գազ պրոպան» ու «Ֆլեշ» ընկերություններ, որոնք ևս հեղուկ գազի ու բենզին խոշոր ներկրողներ են: Այստեղ ևս նմանատիպ խախտումներ են արձանագրվել, և հավանական է` շուտով Տեսչական մարմինը այս ընկերությունների մասով ևս հայտարարություն կտարածի:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով