Սամվել Կարապետյանն ու մյուսները պետք է ազնվորեն պատասխանեն՝ իրենք կդնե՞ն մանդատները, եթե հանկարծ չհաղթեն, թե՞ կգնան ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու

Հեղինակ
4 արդեն րոպե ընթերցում ես

Ընդդիմադիր ուժերը նորից ընտրությունների միջոցով փորձում են փրկել երկիրը՝ 5 տարի անց նորից հայտարարելով, որ եթե այս անգամ էլի ՔՊ-ն վերարտադրվի, ապա մենք պետություն չենք ունենա, Հայաստանը ևս Արցախի ճակատագրին կարժանանա, կկործանվենք և այլն։

Սա նշանակում է, որ այս ընտրությունները ևս, ինչպես 2021-ի ընտրությունները, ընդդիմադիր այդ ուժերի համար պետք է ոչ թե մանդատի պայքար լինի, այլ հայրենիքը այս իշխանություններից փրկելու։ Իհարկե, 2021-ին ընտրություններով երկիրը չփրկելուց հետո խորհրդարան անցած ընդդիմադիր երկու ուժերից ևս ոչ մեկը այդպես էլ հինգ տարվա ընթացքում քաղաքական կամք չցուցաբերեց և մանդատները չդրեց, բայց մենք հավատում ենք, որ այս անգամ նրանք հաստատ մանդատի կռիվ չէ, որ տալիս են, այլ իսկապես ընտրություններով երկիրը փրկելու համար են պայքարում, և եթե հանկարծ նրանք այս անգամ էլ մասնակցեն ու չկրեն, ապա անպայման կդնեն մանդատներն ու չեն գնա խորհրդարան՝ ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու։

Այս պահին առաջատար համարվող ընդդիմադիր ուժերը, սակայն, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստանը», Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ու Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանը» ոչ մի կերպ չեն հայտարարում, որ չհաղթելու դեպքում իրենք մանդատները չեն վերցնի ու չեն գնա խորհրդարան՝ ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու, որոշ դեպքերում՝ ծեծ ուտող ընդդիմություն։

Երեկ այս հարցին ուղիղ չպատասխանեց հենց Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ իրենք գնում են բացարձակ հաղթանակի, այլ սցենար չեն քննարկում։ Նշենք, որ այսպիսի ինքնավստահ պատասխաններ մեկ էլ 2021-ին տալիս էր Ռոբերտ Քոչարյանը, որը իր թիմի հետ միասին այնքան էր կտրվել իրականությունից, որ ընտրությունների արդյունքները դեռ չեղած՝ արդեն իրեն վարչապետ էր կարգել, թիմին պաշտոններ էր բաժանել արդեն և ապառնիով խոստումներ էր տալիս, մինչև որ բախվեց դաժան իրականությանը։ Հիմա նույնը Սամվել Կարապետյանի թիմում է՝ նրանք էլ արդեն հայտարարում են, որ հաղթել են, Սամվել Կարապետյանն արդեն վարչապետ է, պարզապես մի ամիս հետո է ստանձնելու վարչապետական աթոռը, և այլ իրողություն, բացի հաղթանակից, չեն պատկերացնում ու չեն էլ ուզում քննարկել։ Բայց որքան էլ պարոն Կարապետյանն ու իր թիմը, ինչ-ինչ հարցումների վրա հիմնվելով, արդեն որոշել են, որ իրենք հաղթել են, միևնույն է, ամեն ինչ որոշելու է ժողովուրդը իր տված քվեով։ Իսկ ժողովուրդը, փորձը ցույց է տալիս, որ անակնկալներ սիրում է մատուցել։ Ըստ այդմպետք է պատրաստ լինել բոլոր անակնկալներին և ի սկզբանե դրանց հակազդող սցենարներ ունենալ մշակած։

Հետևաբար, ընդդիմադիր ուժերը պետք է ազնիվ գտնվեն և իրենց հետ հույս կապող և Նիկոլին հեռացնելու նպատակով իրենց ձայն տվող քաղաքացիներին պետք է ուղիղ ասեն՝ իրենք կդնե՞ն մանդատները, եթե հանկարծ ու, մարդ ես, իրենք իշխանություն չձևավորեն, թե՞ այս պահին գործող խորհրդարանական ընդդիմադիրների նման մանդատները կգրկեն ու կնստեն՝ փաստացի 5 տարում ոչ մի օգուտ չտալով պետությանը, փոխարենը բարձր աշխատավարձ և ճոխ պարգևավճարներ ստանալով։ Այդ ազնվությունը պետք է նախևառաջ ցուցաբերի Սամվել Կարապետյանը՝ իր թիմով, քանզի առաջատար ընդդիմադիր ուժը, ըստ հարցումների, իրենք են, և ժողովուրդը նախևառաջ իրենց հետ է այդ հույսը կապում։ Այդ հարցին պետք ուղից պատասխանեն նաև Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը, որ իրենց ընտրողները ևս, որոնք, վստահաբար, իրենց ձայն են տալու, որ ազատվեն Նիկոլից ու նիկոլիզմից, հետո իրենց խաբված չզգան՝ հերթական ընդդիմությանը գործուղելով խորհրդարան։

Մենք, ամեն դեպքում, հաջողություն ենք մաղթում ընդդիմությանը այս քարոզարշավում և ընտրություններում, բայց նաև ակնկալում մաքսիմալ ազնվություն և թափանցիկություն ժողովրդի հանդեպ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով