Դատարանի վճռից առաջ Առուշանյանը փորձել է ապահովագրել իրեն՝ իր հավատարմությունը ցույց տալով Փաշինյանին

Հեղինակ
3 արդեն րոպե ընթերցում ես

Երեկ Գորիսում երբեմնի թունդ ընդդիմադիր Առուշ Առուշանյանի կողմից Նիկոլ Փաշինյանին մոտենալն ու ողջունելը, նրան ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ուղեկցելն ու վերջում էլ նրա ասածներին ծափահարելը շատերի զայրույթն ու զարմանքը հարուցեց։ Ոմանք մինչև հիմա դեռ կարծում են, թե «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թվականին որպես «սյունյաց արծիվ» գովազդված Առուշանյանը մինչև հիմա էլ դեռ ընդդիմադիր է, հավատարիմ է իր սկզբունքներին ու հայտարարություններին, որ մինչև հիմա դեռ պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Իրականում, Առուշանյանը վաղուց, եթե ոչ հոգով-սրտով, ապա գոնե անձնական շահերից դրդված՝ դարձել է նիկոլական, որովհետև նա իր կաշին փրկելու խնդիր ունի։ Բանն այն է, որ երկուշաբթի դատարանը հրապարակելու է Առուշանյանի գործով վերջնական վճիռը, որով պետք է որոշեն նրա ճակատագիրը՝ դատապարտել և նորից հետ ուղարկել բա՞նտ երբեմնի ընդդիմադիր համայնքապետին, թե՞ լղոզված մի որոշում կայացնել, որով Առուշանյանը կմնա ազատության մեջ, որ ընտրություններին իր ռեսուրսով աջակցի ՔՊ-ին։

Երեկ Առուշանյանի՝ փաստացի արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանին դիմավորելն ու նրա ելույթներին ծափահարելը, իրականում, հենց երկուշաբթի օրվա համար էր արված, որ դատավոր Տիգրան Դավթյանը դա տեսնի և «ճիշտ կողմնորոշվի» Առուշանյանի հարցում։ Իսկ Դավթյանը, ասում են, կարողանում է նման ազդակներից հետո ինչպես հարկն է «ճիշտ կողմնորոշվել»։ Առուշանյանը Փաշինյանին դիմավորելով, որի պարտականությունը նա արձակուրդում գտնվող Փաշինյանի հանդեպ բացարձակ չուներ, հենց իր վաղվա օրվա, այսինքն՝ ազատության մեջ մնալու երաշխիքները փորձեց ստանալ, որ Նիկոլ Փաշինյանին ցույց տա՝ ինքը հավատարիմ է իրեն ու պատրաստ է աջակցել ՔՊ-ին իր ամբողջ ռեսուրսով, միայն թե դատարանը երկուշաբթի իրեն նորից բանտ չուղարկի։ Սա շատ լավ հասկանում է Փաշինյանը, որը «ոչ մի կերպ չի միջամտում դատական համակարգի գործերին», շատ լավ գիտակցում է նաև դատավոր Տիգրան Դավթյանը, որին բնավ պարտադիր չէ՝ Նիկոլ Փաշինյանը զանգի և ուղղորդի՝ ինչ որոշում կայացնել, այսպիսի բեմադրված տեսարաններն արդեն իսկ հստակ ազդակ են՝ ինչպես «ճիշտ վարվել» կոնկրետ գործով։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ունի այդպիսի սովորություն՝ օգտագործել ու վերջում «քցել» իրեն հավատարմության երդում տվածներին, հետո մեղքը բարդել իրավապահ համակարգի ու դատարանների վրա, թե՝ «ես ի՞նչ կապ ունեմ, իրավապահներն են արել», բայց հազիվ թե նախընտրական այս կարևոր շրջանում Առուշի նման քաղաքապետին նորից բանտ ուղարկելը ՔՊ-ի ու անձամբ Փաշինյանի շահերից բխի։ Այս ամենի իսկության մեջ կհամոզվենք երկուշաբթի, երբ դատարանը հրապարակի վճիռը, որով Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Անակնկալներ հազիվ թե լինեն

MakaryanNews-ն այսօր քանիցս փորձեց կապ հաստատել Առուշ Առուշանյանի հետ՝ լսելու իր մեկնաբանությունը այս հարցով, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ Ասացին՝ կտրականապես հրաժարվել է մեկնաբանություն տալ այս փուլում, մինչև դատարանը կհրապարակի վճիռը, որ «շառից-փորձանքից» հեռու մնա ու մի այնպիսի բան չասի, որը մտափոխ կանի Փաշինյանին ու դատավորին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով