Անահիտ Ավանեսյանի ու այս կառավարության կողմից միամտաբար հենց ընտրություններից առաջ ներդրված ապահովագրական համակարգը մի կողմից լավ է, մյուս կողմից` իսկական փորձություն է դրանից օգտվողների համար:
Բանն այն է, որ կոնկրետ ԲԿ-ում բժշկի գրած ուղեգիրը հաստատելու համար պացիենտը ստիպված է բառացիորեն մի քանի ժամ հերթ կանգնել, որ կարողանա իր ուզած բժշկի մոտ հերթագրվել: Այսինքն` բժշկի մոտ հերթագրվելու համար նախ պետք է կտրոն քաշի ու մի քանի ժամ հերթում սպասի, որ հետո իրավունք ստանա հետո այլ բժշկի մոտ հերթ պահի:
Օրինակ` այսօր մենք «Աստղիկ» ԲԿ-ում ուղիղ 2.5 ժամ հերթ ենք կանգնել, որ ընդամենը աշխատակիցը մի բյուրոկրատական գործողություն կատարի` կոճակը սեղմի և ուղեգիրը հաստատի: Իսկ ինչու՞ է այդպես, որովհետև, ասացին, կարգն է այդպես: Իսկ ինչու՞ այդքան երկար, որովհետև տարիներով բուժում չստացած հազարավոր քաղաքացիներ ապահովագրական համակարգի ներդրումից հետո զանգվածաբար սկսել են դիմել ԲԿ-ներ` անվճար հետազոտվելու և բուժվելու:
Արդյունքում, ԲԿ-ներում հսկայան հերթեր են գոյացել վերջին մեկ-երկու ամսում, ինչը իսկական փորձություն է դարձել նաև բժիշկների համար, ես կասեի` խեղճ բժիշկների:
Ու որքան էլ նույն «Աստղիկում» մեծ սպասասրահ են բացել, 16 պատուհան է անդադար աշխատում, մեկ է` կտրոնը քաշելուց 2-3 ժամ հետո նոր հերթդ հասնում է: Ու նույնը «Էրեբունիում» է և մյուս մեծ ու հեղինակավոր ԲԿ-ներում: Դրա համար մարդիկ մի օր գնում հերթ են պահում, որ հերթագրվեն, մեկ այլ օր էլ գնում հերթ են պահում, որ հետազոտվեն: Հիմա պատկերացրեք` մեկը Կապանից է որոշել գալ Երևան` «Աստղիկում» կամ «Էրեբունիում» հետազոտվելու: Մի օր պիտի 400 կմ կտրի, անցնի, որ գա հերթագրվի, մեկ ուրիշ օր էլ հետազոտվելու համար պիտի նույն ճանապարհն անցնի:
Սա ընդամենը բյուրոկրատական ու համակարգային խնդիր է, որը կարող են մեկ որոշմամբ լուծել թե´ նախարարը, թե´ ԲԿ-ները` իրենք: Օրինակ` բժշկի մոտ հերթագրումը և ուղեգրի հաստատումը կսրող են դարձնել օնլայն, զանգով կամ որևէ այլ լուծում տալ: Հակառակ դեպքում` սրտի խնդրով մարդը օրերով հերթերի մեջ սպասելու հետևանքով վերջում կարող է նյարդերի խնդիր կամ ոտքերի հոդացավ ձեռք բերել, ու մի հատ էլ դրանց համար հերթ կանգնել:
Կարճ ասած` լուծեք այս խնդիրը, ու լուծեք խելամիտ ձևով, ոչ թե Եվրոպային ընդօրինակելով, որտեղ բյուրոկրատիան ուղղակի քայքայում է մարդկանց նյարդերն ու ապականում համակարգերը:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ