Թուրքիայի Դենիզլի նահանգում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ Իզմիրից Անթալիա ուղևորվող «Pamukkale Turizm» ընկերության ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, բախվել պաշտպանիչ արգելապատնեշին և բռնկվել հրդեհի մեջ։
Ըստ թուրքական BirGün պարբերականի՝ վթարը տեղի է ունեցել Դենիզլի–Այդըն մայրուղու Սարայքյոյ շրջանի հատվածում։ Զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Զոհվածների թվում է նաև ավտոբուսի վարորդը։
Միջադեպի հետևանքով ևս 33 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Տուժածներին շտապ տեղափոխել են մոտակա բուժհաստատություններ։