Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ–Իրան բանակցությունների ընթացքում քննարկումների առանցքում կլինեն Թեհրանի միջուկային ծրագիրը և Լիբանանում հրադադարի պահպանման հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում Վենսը նշել է, որ Վաշինգտոնը հույս ունի առաջընթաց գրանցել հատկապես այս երկու կարևոր ուղղություններով։
«Կարծում եմ՝ հնարավորություն կա հասնելու առաջընթացի թե՛ միջուկային ծրագրի, թե՛ Լիբանանում հրադադարի հարցում։ Սրանք այն հիմնական թեմաներն են, որոնց վրա կենտրոնանալու ենք բանակցությունների ընթացքում»,- ասել է նա։
Վենսի խոսքով՝ ամերիկյան կողմը պատրաստ է լսել նաև Թեհրանի առաջարկներն ու մտահոգությունները, քանի որ իրանական կողմը ևս ունի քննարկման ենթակա հարցերի սեփական օրակարգը։