ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի մասին Ալիևի հայտարարությանը

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսական կողմը Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում այն պնդումները, թե Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման հրապարակումները մենք ընկալում ենք որպես այս ոլորտում ռուս-հայկական համագործակցության մեջ պառակտում մտցնելու, Ռուսաստանի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը խոչընդոտելու փորձեր։ Բացի այդ, դրանք կարծես նպաստում են տարածաշրջանի համար իսկապես ապակառուցողական արևմտյան նախագծերի և տեխնոլոգիաների առաջմղմանը, որոնք, ընդ որում, զգալիորեն զիջում են ռուսականներին, այդ թվում՝ անվտանգության առումով»,- ասվում է Զախարովայի պատասխանում ԶԼՄ-ների համապատասխան հարցին, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Ռուսաստանցի դիվանագետը հիշեցրել է, որ Մեծամորի ատոմակայանը «հանրապետության էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ տարր է և արտադրում է էլեկտրաէներգիայի շուրջ 30%-ը»։

«Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը Հայաստանին երկար տարիներ հնարավորություն է տալիս զարգացնել արդյունաբերությունը և ապահովել տեխնոլոգիական առաջընթաց։ Ժամանակակից աշխարհում, հատկապես՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձի ֆոնին, խաղաղ ատոմը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոններից մեկն է։ Սեփական ատոմակայանի փակումը ոչնչի չի հանգեցնի, բացի էներգետիկայի ոլորտում այլ երկրներից պետության կախվածության մեծացումից»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ կայանի հուսալիությունը հաստատում է նաև ԱԷՄԳ-ն։ Մասնավորապես, 2022 թվականի հոկտեմբերին կայան այցելած գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին «ընդունել է, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները միջուկային և ֆիզիկական անվտանգության բարձրացման ուղղությամբ»։

Զախարովան հիշեցրել է, որ «ներկայում ռուս և հայ մասնագետներն իրականացնում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկին երկարացնելու միջոցառումների համալիր»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ պնդել էր, թե հայկական ԱԷԿ-ը, որը ներկայում «Հայաստանում էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրն» է, հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Նա ասել էր, թե «Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս մտահոգություն են հայտնել դրա վիճակի վերաբերյալ տարբեր միջազգային ֆորումներում»։ Ալիևի խոսքով՝ կայանի շահագործման ժամկետը չի կարող անորոշ ժամանակով երկարաձգվել, ուստի, վաղ թե ուշ, այն պետք է շահագործումից հանվի։

Կիսվել նյութով