«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ սահմանափակումներ է մտցնում Թուրքիայի հինգ ձեռնարկություններից կորիզավոր մրգերի ներմուծման նկատմամբ։ Արգելքը վերաբերում է ծիրանին, կեռասին, բալին, դեղձին և նեկտարինին։ Գերատեսչության տվյալներով՝ պատճառը ԵԱՏՄ երկրների համար կարանտինային օրգանիզմների բազմակի հայտնաբերումն է, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ է հայտնաբերվել։
Սահմանափակման մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է աջակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին և շարունակում է պաշտպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նշվում է, որ Թուրքիան Ռուսաստան կորիզավոր մրգերի խոշորագույն մատակարարների թվում չէ․ 2025 թվականին առաջին երեք տեղերում եղել են Ուզբեկստանը (180 հազար տոննա), Ադրբեջանը (111 հազար տոննա) և Հայաստանը (64 հազար տոննա)։ Սակայն Թուրքիան շարունակում է մնալ Ռուսաստանի համար ցիտրուսային մրգերի գլխավոր մատակարարը։