Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության հարցը պետք է վճռեն բացառապես հայաստանցիները, և այդ նպատակով Ռուսաստանն առաջարկում է համաժողովրդական հանրաքվե կազմակերպել։ Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ երկրի ապագա արտաքին քաղաքական վեկտորի (ԵՄ կամ ԵԱՏՄ) վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարը կարող է դառնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա քննարկման թեմաներից մեկը, որը նախատեսվում է Բիշքեկում կայանալիք հանդիպման ժամանակ։
«Իրենց ճակատագրի մասին որոշումը պետք է ընդունեն հենց հայերը։ Եվ մենք հենց դա էլ առաջարկում ենք նրանց անել՝ անցկացնել հանրաքվե»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ երկու երկրների առաջնորդների միջև բարձր մակարդակով յուրաքանչյուր շփում ունի առանցքային կարևորություն։