MakaryanNews-ի ունեցած բացառիկ տեղեկություններով` դատախազությունը մեղադրանք է առաջադրել և քրեական հետապնդում հարուցել «88» սուպերմարկետների ցանցի հիմնադիր, խոշոր գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ: Նրանք այս պահին ունեն մեղադրյալի կարգավիճակ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հաստատեցին MakaryanNews-ի տեղեկությունը` նշելով, որ ավելի վաղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի (Նարեկ Նալբանդյան) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի (Դավիթ Ղազարյան) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում):
Հիշեցնենք, որ դատախազությունը դեռ այս տարվա փետրվարին էր «88» սուպերմարկետների կողմից առերևույթ հակամրցակցային գործունեության և այլ հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնել: Դրա հիմքում, մեր տեղեկություններով, ընկած է «Բոնուս» սուպերմարկետների ցանցը սնանկացման տանելու և սեփականատիրոջից այն խլելու դեպքը:
Մենք տեղեկացանք նաև, որ Նալբանդյանն ու Ղազարյանը նախորդ շաբաթվա վերջին հրավիրվել են նախաքննական մարմին, երկուսի նկատմամբ էլ ընտրվել է խափանման միջոց` բացակայելու արգելքի տեսքով:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ