Ռուսաստանում գործող և վերջին շրջանում հայկական կոնյակ արտահանողներին իսկական ռեկետի ենթարկող «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանը ժամանել է Երևան` մոր հուղարկավորությանը մասնակցելու, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է և տարվել ոստիկանություն: ՆԳՆ-ից հայտնեցին, որ որոշ ստուգողական գործողություններից հետո Վարժապետյանին ազատ են արձակել: Վարժապետյանի ձերբակալման մասին այսօր հայտնել էր 24News-ը։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ «Լուդինգի» հակահայկական և հակաօրինական գործողությունների մասին MakaryanNews-ն էր բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ, որ «Լուդինգի» հիմնադիրներ Արմենն ու Արթուրը, ստվերային համագործակցության մեջ մտնելով ՌԴ պետական մարմինների հետ սերտ կապի մեջ գտնվող ոմն չեչեն Ակաևի և հրեա Գերմանի հետ, արհեստական խոչընդոտներ են ստեղծում հայկական կոնյակ արտահանողների համար, որպեսզի նրանցից փայ կորզեն, նոր թողնեն հայկական կոնյակը մտնի ռուսական շուկա: MakaryanNews-ի տեղեկություններով` այդպես են վարվել հայկական խոշոր կոնյակ արտահանողներից, օրինակ, «Պռոշյանի կոնյակի գործարանի» հետ` տեսչական մարմնի շինծու ստուգումների արդյունքում փակել տալով ընկերության պահեստը Մոսկվայում, որ վերջինս գնա իրենց դուռը, խնդրի, որ իրեն օգնեն, նրանք էլ 15-17% փայ ուզեն «Պռոշյանից», որ թույլ տան` շարունակի իր գործունեությունը ՌԴ-ում:
Մեր հարցից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրավապահներին` զբաղվել այս հարցով, անգամ հարցաքննության են կանչվել մի շարք կոնյակ արտադրողներ, այդ թվում` «Պռոշյանի» ներկայացուցիչը:
MakaryanNews-ին այս թեմայով այլ ուշագրավ մանրամասներ են հայտնի, որոնք կհրապարակենք ավելի ուշ:
Միայն նշենք, որ «Լուդինգի» Արթուրին «Զվարթնոցում» ձերբակալելը հենց մեր բարձրացրած հարցի և դրան հետևած Փաշինյանի հանձնարարականի շրջանակներում է տեղի ունեցել:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ