ՍԴ-ի նվերը՝ Ավինյանին և մյուս համայնքապետերին․ ՊՎԾ-ն այլևս չի կարողանա ստուգել համայնքների ֆինանսական շարժերը

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Սահմանադրական դատարանը օրերս տարածեց մի ուշագրավ հաղորդագրություն, համաձայն որի՝ 2026 թվականի մարտի 24-ին կայացրած ՍԴՈ-1822 որոշմամբ անվավեր է ճանաչել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մի շարք դրույթներ՝ որպես Սահմանադրությանը հակասող։ Որոշման գլխավոր մեխն այն է, որ այսուհետ ՊՎԾ-ն իրավունք չի ունենա ստուգելու Տեղական ինքնակառավարման մարմիններին։ Եվ այս ամենը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի «թեթև ձեռքով»։

Բանն այն է, որ Երևանի քաղաքապետը դիմել էր Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով օրենքի այն դրույթները, որոնցով Պետական վերահսկողական ծառայությանը (ՊՎԾ) վերապահված էր իրականացնել վերահսկողություն տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավորապես՝ գնումների գործընթացի օրինականության նկատմամբ և համայնքներին տրամադրված դոտացիաների, սուբսիդիաների, սուբվենցիաների կառավարման օրինականության նկատմամբ։

Հիմնավորումն այն է, որ ՊՎԾ-ն վարչապետին առընթեր մարմին է, իսկ համայնքի ղեկավարն ընտրովի մարմին է, հետևաբար՝ Սահմանադրության 188-րդ հոդվածի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հսկողություն իրականացնում է Կառավարության լիազոր մարմինը, այլ ոչ թե ուղիղ վարչապետին ենթակա ծառայությունը։

Եվ, ահա, Սահմանադրական դատարանը, քննելով գործը, որոշել է բավարարել Երևանի քաղաքապետի հայցն ու անվավեր ճանաչել հետևյալ դրույթները՝

1.Գնումների վերահսկողությունը, ինչը ենթադրում է, որ Պետական վերահսկողական ծառայությունն այլևս չի կարող վերահսկողություն իրականացնել տեղական ինքնակառավարման մարմիններում կամ համայնքային հիմնարկներում գնումների գործընթացի նկատմամբ, և

2.Դոտացիաների կառավարման վերահսկողությունը, որով ՊՎԾ-ն չի կարող վերահսկողություն իրականացնել համայնքներին տրամադրված դոտացիաների, սուբսիդիաների, սուբվենցիաների կառավարման օրինականության նկատմամբ։

Սրանով Տիգրան Ավինյանն ապահովագրեց իրեն ՊՎԾ-ի վերահսկողությունից՝ հընթացս լավություն անելով հանրապետության մյուս բոլոր համայնքների ղեկավարներին, որոնք, թաքնվելով Սահմանադրական դատարանի այս որոշման տակ, կարող են ինչ ուզենալ՝ անել, և որևէ մեկը, այս դեպքում գոնե՝ գլխավոր ստուգող մարմին ՊՎԾ-ն իրավունք չի ունենա իրենց ստուգել։ Բայց ամենամեծ լավությունը ՍԴ-ն արեց Ավինյանին, որի վերաբերյալ այս ընթացքում ընդդիմադիրները ամենատարբեր կասկածներ են հայտնում, և հիմա Ավինյանը, փաստորեն, կմնա պետական վերահսկողությունից դուրս՝ ձեռքերն ազատ, գործողություններում անկաշկանդ։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով