Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից նոր ուղերձ է հղել

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

«Խաղաղության» դատավարությունը շարունակվում է Վերաքննիչ դատարանում: Իհարկե, շատ լավ հասկանում և պարզ գիտակցում ենք, որ սա ֆորմալ բնույթ է կրում և որևէ փոփոխություն չի կարող լինել առաջին ատյանի դատավճռի հետ կապված, բայց գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհը դա է, դիմել ենք Վերաքննիչ դատարան: Այս մասին Բաքվի բանտից արված իր ուղերձում ասել է Արցախի ԱԺ նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Նա նշել է, որ որոշ պաշտպաններ արդեն մտահոգություն են հայտնել՝ այսպիսի դատավարությամբ և փաստերով միջազգային դատարան գնալն իրենց համար շատ ծանր կլինի և ամոթ է:

Դավիթ Իշխանյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ իր ելույթն էր, որում ներկայացրել է՝ ինչու է դիմել Վերաքննիչ դատարան:

«Ընտրվել են Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներ և կոպիտ ձևով ոչ միայն ինձ, այլ բոլորիս կպցրել, գործը կարել են: Նույնիսկ խոսեցի, որ սա կարված գործ չէ, այլ կարկատան է: Օրինակ՝ 1993 թվականի ծնված անձին վերագրում են 1991-1994 թվականների ռազմական գործողությունների համար կասկածանք: Իբր այդ ամենը դատարանում ապացուցվել է և կայացվում է վճիռ՝ 15 տարվա ազատազրկում։

Ինչպես ասել եմ առաջին ատյանում, նաև այստեղ եմ հստակ հայտարարել, որ սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է, հստակ ռազմավարությամբ և հեռահար նպատակներով։

Կարևորը մեր ողջախոհությունն է, համբերատար և նպատակասլաց մեր քայլերն ենք անում, արժանի ելույթներ ունենք, իսկ միջազգային դատարանի և միջազգային ատյանների հետ կապված քմծիծաղով և արհամարհական են վերաբերվում: Ամենածանրն այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են մտքեր, որ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից, ի՞նչ կարող են անել նրանք, սա է վիճակը»,-նշել է նա:

Կիսվել նյութով