Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում առաջիկայում կարող են կադրային լուրջ փոփոխություններ լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դիրքերը նոր կառավարության ձևավորման գործընթացում զգալիորեն թուլացել են, և մեծ է հավանականությունը, որ նա չի վերանշանակվի նույն պաշտոնում։Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը երկարատև արձակուրդի է մեկնել՝ հուլիսի 1-ից մինչև հուլիսի 24-ը ներառյալ, ինչը իշխանական շրջանակներում արդեն կապում են սպասվող կադրային փոփոխությունների հետ։ Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Լիլիթ Մակունցն է, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցներից մեկը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումն ավարտելուց և Երևան վերադառնալուց հետո Մակունցը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ այժմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է նրա նշանակումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սպասվող փոփոխությունների ֆոնին վարչապետի աշխատակազմում ևս նկատվում է անորոշություն։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանի նշանակած մի շարք պաշտոնյաներ արդեն արձակուրդի դիմումներ են ներկայացրել, իսկ նրանք, ովքեր դեռ չեն գրել, գտնվում են անորոշ վիճակում՝ սպասելով նոր կառավարության կազմավորմանը և հնարավոր կադրային որոշումների հրապարակմանը։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արայիկ Հարությունյանից, նրա օգնականից և աշխատակազմից՝ պարզելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում մեր ստացած տեղեկությունները։ Սակայն մեր զանգերին և հաղորդագրություններին որևէ պատասխան չստացանք, և մեր տեղեկությունները ոչ հերքվեցին, ոչ հաստատվեցին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում