ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում պարզվել է հուլիսի 27-ին Լոռու մարզի Ճոճկան բնակավայրում գործող «Լոռի Պիկ» հանդիսությունների սրահում հարսանյաց արարողության ժամանակ սննդային թունավորում ստացած անձանց ինքնությունը։
Քննչական մարմնի տվյալներով՝ 21 անձներ, որոնք տեղափոխվել էին Նոյեմբերյանի և Ալավերդու բժշկական կենտրոններ, նույնականացվել են։ Նրանց թվում կան ինչպես Տավուշի, այնպես էլ Լոռու և Արմավիրի մարզերի բնակիչներ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ սննդային թունավորման պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։
Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։