Ռուսաստանը նոր սահմանափակում է կիրառել հայկական արտադրանքի նկատմամբ

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

«Չեստնի զնակ»-ը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով արգելափակել է Հայաստանից ներմուծված խմելու ջրի և գազավորված ըմպելիքների ավելի քան 70 հազար շիշ։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Արգելափակումը տարածվել է «Բջնի» հանքային բուժիչ-սեղանի խմելու ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի (այդ թվում՝ մանկական) և «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների առանձին խմբաքանակների վրա։

«Ներկայումս Ռոսպոտրեբնադզորի կողմից նշված խմբաքանակների իրացումը մանրածախ և առցանց ցանցերում արգելված է՝ մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը։ Մակնշման համակարգն ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղի հետ, ինչը թույլ է տալիս ակնթարթորեն ապահովել սպառողների պաշտպանության մեխանիզմը»,- նշել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (ЦРПТ) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։

Յուսուպովը հավելել է, որ 2026 թվականի սկզբից ի վեր «Չեստնի զնակ»-ը կանխել է պիտանիության ժամկետների և պարտադիր պահանջների խախտումներով 48 միլիոն շիշ խմելու ջրի վաճառքը։

Արգելափակման պատճառ է դարձել ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս հասցնելը։ Մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ արտադրողները խախտել են արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջները։ Ընդ որում, արգելափակումը վերաբերում է միայն որոշակի ամսաթվերին արտադրված խմբաքանակներին և չի տարածվում մնացած արտադրանքի վրա։

Ապրիլի 28-ին «Չեստնի զնակ»-ը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով արգելափակել է Հայաստանից մատակարարվող «Ջերմուկ» գազավորված ջրի վաճառքը։ Ինչպես հայտնել է Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 000 շիշ։ Ռոսպոտրեբնադզորում իրենց պահանջը բացատրել են «ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս հասցնելը թույլ չտալու անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ»։

Կիսվել նյութով