Ավտոմատով զինված տղամարդը մուտք է գործել գյուղի տներից մեկն ու վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը՝ անդրադառնալով դեպքին, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը և կրակել Շաքիի բնակիչ հայ աղջկա ոտքին։
«Բռնեցին, տարան իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», — հայտնեց գյուղապետը:
Իր հերթին գյուղի բնակիչներից մեկը ArmeniaSputnik-ի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից։ «Կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել, դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա»,- հայտնել է բնակիչը։ Նրա խոսքով՝ կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։