Լաչինի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 26-ին Մուսաևի ծառայության վայրում բացակայության և նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով սկսվել են որոնողական աշխատանքներ։ Դրանց ներգրավվել են Ադրբեջանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումները։
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Ադրբեջանական կողմը չէր բացառել, որ զինծառայողը կարող էր ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմինները իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակոցը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։