ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս 20 հայ պատանդներին

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է «Արդարադատություն ըստ Ադրբեջանի» (Justice According to Azerbaijan) անգլերեն հատուկ զեկույցը՝ Բաքվում Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը Բաքվի ռազմական դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 17-ի դատավճռով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Զեկույցը նախատեսված է միջազգային լսարանի համար և լրացնում է Հայ դատի կենտրոնական խորհրդի՝ ավելի վաղ հրապարակած հայերեն ժողովածուն, որը ներառում է Տարոն Սիմոնյանի՝ «Փաստինֆո»-ում հրապարակված վերլուծական հոդվածաշարը։

Զեկույցում ներկայացված են դատավարության վերաբերյալ մի շարք պնդումներ։ Ըստ հեղինակների՝ դատարանը 14 տարվա ազատազրկում է նշանակել այնպիսի հանցանքի համար, որի մեղադրանքը չի ներառվել ո՛չ մեղադրական եզրակացության, ո՛չ էլ մեղավոր ճանաչելու մասին որոշման մեջ։

Զեկույցի հեղինակների պնդմամբ՝ դատավճռում հիշատակված ավելի քան 2000 դատաբժշկական եզրակացություններից ոչ մեկում Ռուբեն Վարդանյանի անունը նշված չէ, իսկ վկաներից ոչ մեկը չի նկարագրել նրա կոնկրետ գործողությունները։

Զեկույցում նաև նշվում է, որ Վարդանյանին, որպես քաղաքացիական անձի, դատել է ռազմական դատարանը, միջազգային փաստաբանին մերժվել է մուտքը, իսկ շուրջ 60 դատական նիստերից ոչ մեկում անկախ միջազգային դիտարկում չի թույլատրվել։

«Դատավճռի հակասությունները բոլորը կարող են ստուգել։ Ռուբեն Վարդանյանը և բոլոր հայ պատանդները պետք է ազատ արձակվեն հիմա»,- զեկույցի հրապարակման առիթով հայտարարել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող մյուս 20 հայերին։

Կիսվել նյութով