MakaryanNews-ի տեղեկություններով` ՔՊ-ն Կասկադում գրասենյակ է վարձել, որ օգտագործի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Գրասենյակը գտնվում է հենց Կասկադի աստիճանների մոտ, նախկին Los Pueblos ռեստորանի տեղում` Paulaner-ի դեմ-դիմաց: Սա լինելու է ՔՊ-ի գլխավոր գրասենյակը: Այն դեռ պաշտոնապես չի բացվել, բայց պատուհանների վրա արդեն փակցված է կուսակցության անվանումը` «Քաղաքացիական պայմանագիր»:
Ուշագրավ է, որ ՔՊ-ի գրասենյակի ուղիղ գլխավերևում գտնվում է Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի փեսա Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող GTB holdings ընկերության գրասենյակը:
Գրիգոր Տեր-Ղազարյանը կամ Գրիգը, ինչպես իրեն դիմում են շրջապատում, հիշեցնենք, իշխանությունների հետ ոչ վատ հարաբերություններ ունեցող, բայց հոգու խորքում ընդդիմադիր հայացքներ թաքցնող, միևնույն ժամանակ Ավինյանի հետ «քիպ» այն Lamborghini-ներով մեծահարուստ տղան է, որը ՀԷՑ-ը խլելուց հետո «լրիվ պատահաբար» գնացել էր ՀԷՑ-ը` Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման: Բայց հենց ՀԷՑ-ի դարպասների մոտ լրագրողները ֆիքսեցին նրա երկու գունագեղ Lambo-ներն ու եզրակացրին, որ Կասկադի շինարարության մրցույթը շահած գործարարը հիմա էլ եկել է ՀԷՑ-ը գնելու և ամբողջացնելու Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը վերջնական խլելու իշխանությունների դավադիր պլանը: Հետո, իհարկե, Գրիգոր Տեր-Ղազարյանը մի կես հերքում տարածեց, թե ՀԷՑ-ը գնելու մտադրություն չունի, բայց այդպես էլ մութ մնաց, թե ինչու էր նա հենց այդ օրերին գնացել ՀԷՑ` նորահայտ կառավարիչ Ռոմանոսին հանդիպելու:
Դրանից մի քանի օր անց Գրիգն ու Ռոմանոսը ևս երկու անհայտ գործարարի հետ զբոսնում էին արդեն Սևանի ափին` Sevan Startup Summit-ի շրջանակներում:
Հիմա էլ հանկարծ իշխանությունների հետ գրեթե կապ չունեցող, ընդդիմադիրների հետ էլ շատ ջերմ շփվող, Լևոն Քոչարյանի հետ անգամ ֆեյսբուքում ՔՊ-ականների վրա «բոցեր» անող գործարարը հայտնվում է ուղիղ ՔՊ-ի վերևի հարևանի կարգավիճակում, քանզի ՔՊ-ն տարածք է վարձակալում հենց նրա ներքևի հարկում: Հետաքրքիր է` այս խորհրդանշական դասավորվածության մեջ ո՞վ է ում հովանու ներքո կամ GTB Holdings-ի Գրի՞գն է ՔՊ-ին տանիք, թե՞ ՔՊ-ն է Գրիգի տակ: Կամ էլ` վերևում լինել դեռ չի նշանակում` լինել վերևից:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Մանրամասն՝ տեսանյութում։