Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցները ձայն կորզելու համար մի սադրիչ թեզ են շրջանառության մեջ դրել, որ «հունիսի 7-ին ժողովուրդը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման և փորձառության միջև»:
Թերևս շատ խելք պետք չէ հասկանալու համար, թե Քոչարյանը ում նկատի ունի փորձանք, փորձարկում և փորձառություն ասելով։ Հաշվի առնելով Քոչարյանի ամբիցիաներն ու ելույթները իր անցած ճանապարհի մասին, թե հայ ժողովրդին իր պես փորձառու քաղաքական գործիչ է պետք, որ ղեկավարի Հայաստանը, տրամաբանական է, որ փորձառություն ասելով՝ Քոչարյանն իրեն է ակնարկում։ Դարձյալ հաշվի առնելով իր ու իր թիմակիցների ելույթները, թե ինչպես են նրանք Նիկոլ Փաշինյանին անվանում փորձանք, ապա պարզ է, որ դա էլ Փաշինյանի մասին է։ Մնաց փորձարկումը։ Այստեղ քոչարյանականները բաց տեքստով չեն ասում, բայց հասկացնում են, որ փորձարկում բառը՝ որպես էպիտետ, քաղաքականության մեջ տակավին վերջերս հայտնված խոշոր գործարար, իրեն չափազանց ինքնավստահ դրսևորող, բայց երկիր կառավարելու առումով բացարձակ անփորձ Սամվել Կարապետյանին և իր թիմին նկատի ունեն։ Չի բացառվում, որ փորձարկում ասելով՝ ինչ-որ չափով նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նկատի ունի Քոչարյանը, քանի որ Ծառուկյանն էլ երկիրը ուղիղ՝ առանց կոալիցիայի կառավարելու փորձ, որպես այդպիսին, չունի։ Բայց ակնհայտ է, որ այս հեգնանքը ավելի շատ հենց Կարապետյանին ու նրա թիմին է ուղղված։
Այսօր Չարենցավան կատարած այցի ժամանակ Makaryan News-ը փորձեց անձամբ Քոչարյանից ճշտել, թե ու՞մ նկատի ունի փորձանք ու փորձարկում ասելով, եթե փորձառությունը, համարենք, որ ինքն է։
Քոչարյանը ուղիղ հայտարարեց, որ փորձանքը Փաշինյանն է, իսկ, ահա, փորձարկման մասով խուսափեց ուղիղ գնահատական տալուց․ «Դուք որոշեք»։
Ճշտեցինք՝ արդյոք Սամվել Կարապետյանի՞ն նկատի ունի։
«Նայեք, կա 19 միավոր, Դուք հետևում եք քաղաքական պրոցեսներին, Դուք որոշեք և մի սադրեք, մեր ընդդիմադիր դաշտում ավել-պակաս բանավեճերի առիթ մի՛ տվեք»,-դարձյալ խուսանավեց Քոչարյանը՝ հընթացս կշտամբելով մեզ, թե իբր սադրում ենք:
Իսկ գուցե իր թիմակիցնե՞րն են սադրում՝ նման բաներ հայտարարելով, հարցրինք Քոչարյանին, սակայն նա շրջվեց և հեռացավ՝ չցանկանալով այլևս պատասխանել մեր հարցերին։ Հետո, երբ նորից փորձեցինք հարց տալ ու նաև հասկանալ՝ հատուկ վերաբերմո՞ւնք ունի մեր հանդեպ, որ չի ցանկանում պատասխանել հարցերին, Քոչարյանն ասաց, թե՝ հիմա տեղը չի։ Թե երբ է հարցերին պատասխանելու տեղն ու ժամը, երբ ինքը քարոզարշավի մեջ է գտնվում, և հենց այս ընթացքում է, որ պետք է նաև լրագրողների հետ ինտենսիվ շփվի, Քոչարյանը չպատասխանեց ու հեռացավ։
Հիմա՝ սադրանքի մասին։ Ստացվում է՝ Քոչարյանն ու իր թիմակիցները ընդդիմադիր կոնկրետ գործչի պիտակավորում են որպես փորձարկում և չեն ամաչում դրա համար, չեն թաքցնում դա, ամեն առիթով դա կրկնում են և դա սադրանք չեն համարում, իսկ երբ լրագրողը այդ մասին հարց է տալիս իրեն՝ Քոչարյանին, վերջինս մեզ մեղադրում է սադրելու և ներընդդիմադիր վեճ հրահրելու մեջ։ Թերևս Ռոբերտ Քոչարյանը պետք է ազնիվ գտնվի և ուղիղ հայտարարի, որ իրենք, այո, Փաշինյանից բացի պայքարում են նաև իրենց գլխավոր մրցակիցներ համարվող Գագիկ Ծառուկյանի ու, հատկապես, Սամվել Կարապետյանի դեմ, և եթե մինչև վերջերս տակից էին պայքարում նրանց դեմ, ապա հիմա արեն բացահայտ են նրանց ուղղությամբ քար նետում, որ իրենցից ակամա «գողացված» էլեկտորատից գոնե մի մաս հետ բերեն։
Դե, իսկ Սամվել Կարապետյանն ու իր թիմն էլ, երևի իսկապես հենց քաղաքական անփորձությունից ելնելով, չեն նկատում կամ չեն ուզում նկատել և հասկանալ այս ամենն ու իրենք էլ իրենց հերթին համարժեք հակադարձել, եթե համաձայն չեն, իհարկե, Քոչարյանի ասածների հետ։ Երևի ուզում են բարի երևալ ընդդիմադիր գործընկերների նկատմամբ, որոնք առնվազն ազնիվ չեն իրենց հանդեպ, թեպետ՝ «ուժեղները» նույնիսկ ՔՊ-ի հանդեպ են իրենց բարի ու կառուցողական պահում՝ տարօրինակ ու անհասկանալի մոտիվացիայով։ Անգամ աշխատանք են խոստանում Փաշինյանին իշխանափոխությունից հետո՝ Քոչարյանի խոստացած բանտի փոխարեն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ