Այ էսպես է կառավարությունը «լուծում» իր իսկ մեղքով դեպի ՌԴ ծաղկի արտահանումն արգելելու պատճառով հայկական ծաղիկ արտադրողների մոտ առաջացած ճգնաժամը:
Ծաղկի վաճառքով զբաղվողներից MakaryanNews-ին ասացին, որ կառավարությունը պահանջել է, որ մեծ սուպերմարկետները ևս ջերմատներից ձեռք բերեն ծաղիկ ու վաճառեն մատչելի գներով, որ ծաղիկները գործարարների վրա չմնան: Արդյունքում նույն «Զովքը» մեծ քանակությամբ և շուկայականից զգալի ցածր գնով` 700-800 դրամով ձեռք են բերում ծաղիկներ ջերմատներից ու դրանք վաճառում ավելի ցածր գնով, քան ծաղկի խանութները, որոնք չեն կարողանում այդքան մատչելի գնով ու մեծ քանակությամբ ծաղիկ գնել, որ «Զովքի» ու «Սիթիի» մրցակցությանը դիմանան: Ընդ որում, «Զովքում» այդքան մատչելի գնով վաճառում են ցածրորակ և արդեն թառամած ծաղիկներ, մինչդեռ ծաղկի սրահներում, որ նմանատիպ փունջը վաճառում են 3000 դրամով, շատ ավելի լավ որակի ապրանք են առաջարկում գնորդին: Բայց շատերը, միևնույն է, նախընտրում են «Զովքի» առաջարկած էժան, բայց անորակ փնջերը, քան մասնագիտացված ծաղկի սրահների որակյալ ծաղիկները:
Ուստի, կառավարության այս «խթանող» քաղաքականության արդյունքում շահում է «Զովքն» ու մյուս մեծ ցանցերը, տուժում են փոքր ծաղկի խանութներն ու ջերմատները, որոնք ստիպված են ինքնարժեքից էլ ցածր գնով ծաղիկ վաճառել, միայն թե չթափեն իրենց արտադրանքը, քանի որ արտահանում չունեն:
Իսկ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրապարակած թվերին և դրանց իսկությանը, թե հունիսի 19-21-ը Հայաստանից արտահանվել է 390 հազար հատ` 7 տոննա ծաղիկ, MakaryanNews-ն առանձին կանդրադառնա: