Իրանի իշխանությունները սպասում են, որ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն շուրջ 100 երկրի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Թեհրան կժամանեն տարբեր երկրների քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, խորհրդարանների նախագահներ, արտաքին գործերի նախարարներ, կառավարությունների հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հասարակական գործիչներ։
Բաղային նշել է, որ օտարերկրյա պատվիրակությունների համար հրաժեշտի արարողությունը կսկսվի ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին)։
Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները կմեկնարկեն հուլիսի 3-ին՝ Թեհրանում։ Հուլիսի 4-5-ը նրա մարմինը կտեղադրվի Թեհրանի «Մոսալլա» կրոնական-հասարակական համալիրում, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ։
Հուլիսի 6-ին Թեհրանում կանցկացվի սգո երթ, որից հետո մարմինը կտեղափոխվի Ղոմ։ Հուլիսի 7-ին այնտեղ կկայանան սգո արարողություններ, իսկ հուլիսի 8-ին մարմինը կտեղափոխվի Իրաք՝ Նաջաֆ և Քերբալա քաղաքներ։ Ալի Խամենեիի հուղարկավորությունը նախատեսված է հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։