Կառավարությունը հաստատել է վարորդական վկայական ստանալու և վարելու իրավունքի վերականգնման կարգում մի շարք փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն առաջիկա ամիսներին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ առաջին փոփոխությամբ նախատեսվում է «Արմեդ» համակարգի հետ ավտոմատ տվյալների փոխանակում։ Արդյունքում թմրաբանական կամ հոգեբուժական հաշվառման վերաբերյալ տեղեկությունները կստուգվեն ինքնաշխատ եղանակով, ինչը թույլ կտա բացառել նման անձանց վարորդական իրավունք տրամադրելու դեպքերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դադարեցնել արդեն գործող իրավունքը։
Մեկ այլ փոփոխությամբ տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի հանգիստ նախապատրաստվել գործնական քննությանը և ընտրել իրենց հարմար օրը։
Կփոխվեն նաև տեսական քննության հարցաշարերը․ այսուհետ յուրաքանչյուր կարգի և ենթակարգի համար կներառվեն միայն տվյալ տրանսպորտային միջոցին վերաբերող հարցեր։
Փոփոխությունները, որոնք վերաբերում են վարորդական քննությունների կարգին, ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։
Միաժամանակ ներդրվում է նաև վարելու իրավունքից վարչական կարգով զրկված անձանց իրավունքների վերականգնման նոր մոդելը։ Այս օրենսդրական փոփոխությունները կգործեն հուլիսի 6-ից, և քաղաքացիները կկարողանան դիմել վարելու իրավունքի վերականգնման համար՝ սահմանված ընթացակարգով։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոփոխությունները՝ ընդգծելով, որ դրանք վերաբերում են միայն վարչական կարգով իրավունքից զրկված անձանց և չեն տարածվում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով վարորդական իրավունքից զրկվածների վրա։ Նա նաև նշել է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը պետք է շարունակի մնալ առաջնահերթություն։