MakaryanNews-ի տեղեկություններով` «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կերպ չի մարսում Աղվան Վարդանյանի արարքը: Մեզ ասացին` Քոչարյանը ահավոր զայրացել է Վարդանյանի երեկվա գրառումից հետո, երբ տեսել է, թե ինչպես է իրեն սկզբունքայինի տեղ դրած ու 2018-ին Նիկոլ Փաշինյանին դեմ արտահայտված Աղվան Վարդանյանը այսօր հանուն մանդատի դրժում իր տված տղամարդկային խոստումը:
Ընդ որում, Վարդանյանը երկրորդ նախագահին նախապես չի տեղեկացրել իր որոշման մասին, ընդամենը օրեր առաջ իր Քոչարյանի հետ ունեցած զրույցի ժամանակ նրան ասել է, որ երբ որոշում կայացնի մանդատ վերցնել-չվերցնելու մասով, իրեն ուղղակի տեղյակ կպահի: Տեղյակ պահելն էլ եղել է, փաստորեն, երեկվա գրառման տեսքով, ինչն էլ ավելի է զայրացրել Ռոբերտ Քոչարյանին, հատկապես, որ Վարդանյանի անսկզբունքայինության համար վաղը Քոչարյանից են պատասխան ուզելու` որպես դաշինքի առաջնորդի:
Ի դեպ, մեզ ասացին` Աղվան Վարդանյանի «տղամարդկային» քայլի հետ «Հայաստան» դաշինքում շատերը հաշտ չեն, այդ մասին ներքին քննարկումներում քանիցս արտահայտվել են` կանխազգալով, որ Վարդանյանի միտքը ծուռ է, պարզապես հասկանալի հանգամանքներից ելնելով` հրապարակավ չեն արտահայտվում: