Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ MakaryanNews-ի հարցին ի պատասխան` անդրադարձավ «իշխանությունների սրտի օլիգարխի» համբավ վաստակած Նարեկ Նալբանդյանին ու սպառնաց, որ եթե վերջինս չհերքի, որ ինքը կապ ունի իր և իր ընտանիքի հետ, ապա նրա հետ ավելի դաժան կվարվեն, քան մյուս օլիգարխների հետ են վարվել:
Ժամեր անց Նարեկ Նալբանդյանը շտապեց հերքել, որ հանկարծ Փաշինյանը էլ ավելի չզայրանա ու մյուսների նման` իր հետևից էլ չընկնի: Բայց դա չփրկեց նրան. դատախազությունը, Փաշինյանի բանավոր հայտարարությունը, սովորության համաձայն, ընդունելով որպես հանձնարարական, արագ գործի անցավ և վարույթ նախաձեռնեց Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների դեմ: Թե ինչ հիմքով` հայտնի չէ: Թեպետ` էական էլ չէ:
Այս ամենից ֆոնին, սակայն, MakaryanNews-ին այսօր մի շատ ուշագրավ տեղեկություն հայտնեցին:
Այսպես. մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` երեկ Կենտրոնական բանկի վերնախավից (ոչ նախագահի մակարդակով) զանգահարել են «Ամիօբանկի» վերնախավին և հորդորել, որ հաստատեն և արագացնեն «իշխանությունների սրտի գործարարի» անուն հանած Նարեկ Նալբանդյանի վարկը, որ նա կարողանա ձեռք բերել «Հրազդան ցեմենտը», քանի որ ընկերության աճուրդի վերջին օրն է եղել: Այսինքն` այնպես են արել, որ հենց Նալբանդյանը կարողանա ձեռք բերել «Հրազդան ցեմենտը»: Մեր այսօրվա «շնորհավորնքը», որ սխալմամբ «Արարար ցեմենտի» մասով էինք նշել, հենց դրան էր վերաբերում` «Հրազդան ցեմենտը» գնելուն:
Ընդ որում, մեզ ասացին` ԿԲ-ի և «Ամիօբանկի» պաշտոնյաների միջև խոսակցությունն այնպես է ընթացել, որ «վերևներից տեղյակ են»` ակնարկելով, թերևս, հենց Նիկոլ Փաշինյանին, ինչի հիման վրա էլ Նալբանդյանի վարկն արագ ու հեշտ հաստատվել է:
Եթե այս տեղեկությունն իսկապես ճիշտ է, ինչը մեր կողմից, հասկանալի պատճառներով, բարդ է ճշտելը` որևէ մեկը, բնականաբար, չի ասի` այո, զանգել ու միջնորդել ենք, ապա այստեղ երկու հարց է առաջանում.
1) Կամ այս ամենը խաղ է և հերթական թատրոնը
2) Կամ Նալբանդյանը, նախկինում տարածված «Սաշիկի մեթոդով», իսկապես փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը կապ ունի Փաշինյանի ընտանիքի հետ, որ իր համար կանաչ լույս վառվի բիզնեսում:
Թերևս այս տեղեկությունն իրենց լծակներով լավագույնս կարող են ճշտել և հերքել կամ հաստատել պետական համապատասխան ատյանները, այդ թվում` հենց Նիկոլ Փաշինյանը:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ