Ռուսաստանը մտադիր չէ վերանայել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գեորգի Բորիսենկոն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սիրիայի նոր իշխանությունները շարունակում են պահանջել Ասադի արտահանձնումը։
«Մեր սիրիացի գործընկերները լավ գիտեն, որ Ռուսաստանը Բաշար Ասադին քաղաքական ապաստան է տրամադրել մարդասիրական նկատառումներից ելնելով։ Դամասկոսի ներկայիս իշխանությունները հասկանում են, որ Ռուսաստանի այս որոշումն անսասան է»,- ասել է Բորիսենկոն։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվայի և Սիրիայի նոր ղեկավարության հարաբերությունները զարգանում են բավականին դրական հունով։ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան երկու անգամ այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ 2025 թվականի հոկտեմբերին և 2026 թվականի հունվարին։ Մոսկվայում հանդիպումներ են անցկացվել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Շիբանիի հետ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նրա հետ բազմիցս շփվել է միջազգային հարթակներում, այդ թվում՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։