ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն այսօր հայտարարություն տարածեց, որ կուսակցության գործադիր մարմինը նիստ է գումարել, որտեղ բազմակողմանիորեն քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումներն ու որոշել չմասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Վանեցյանի կուսակցության այս որոշումն, իրականում, լակմուսի թուղթ է ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակի, նաև մի շարք քաղաքական գորշիչների, մասնավորապես՝ ընդդիմության ու ընդդիմադիր առաջնորդների նպատակների, նրանց ազնվության և հայրենասիրության չափի վերաբերյալ։
«Հայրենիք» կուսակցության տարածած հայտարարության մի շարք կետերում զգացվում են ակնարկներ այն ուղղությամբ, թե ինչ պառակտված ու անազնիվ իրավիճակում է գտնվում այսօր «Նիկոլին ամեն գնով» հեռացնելու մասին հայտարարող, բայց հանուն այդ «վեհ գաղափարի» իրենց անձնական ամբիցիաները մի կողմ դնել չկարողացող, իրար հետ չմիավորվող, դեռ բան էլ տակից իրար դեմ պայքարող ընդդիմադիր դաշտը։
Ահավասիկ, կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ «Հայրենիք» կուսակցության գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։ Ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում և քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների արդյունքների վրա։
Սա պարզ բնորոշում է ընդդիմադիր դաշտում առկա իրավիճակը, երբ Արթուր Վանեցյանը գիտակցում է, որ մանր-մունր ուժերով և մասնատված ձևով ընտրություններին մասնակցելը օգտակար է միայն Նիկոլ Փաշինյանին, բայց, այ, այդ մանր-մունր ուժերն ու նրանց հետևում կանգնած խոշոր խաղացողները՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան և այլք, դա չեն գիտակցում կամ էլ շատ լավ գիտակցում են, բայց գիտակցաբար անում են հակառակը։ Վանեցյանի խնդիրը լայն կոնսոլիդացիան էր, որին, փաստացի, չի ուզում գնալ ընդդիմադիր դաշտը։ Ինչո՞ւ, որովհետև այս մարդիկ հայրենիքի ու հայ ժողովրդի շահից առաջ նախ իրենք իրենց անձնական շահն ու ամբիցիաներն են կարևորում։ 2021 թվականին Սերժ Սարգսյանը բացառապես ի հեճուկս Ռոբերտ Քոչարյանի մասնակցեց ընտրություններին՝ դրա մեջ ներքաշելով նաև Արթուր Վանեցյանին, ինչը Վանեցյանի ամենամեծ սխալներից էր, թերևս։ Այս անգամ էլ նա դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ, բայց դաշտ է մտցրել «իր հետ ոչ մի կապ չունեցող» 1,3 տոկոսանոց ուժերի, որ փոշիացնեն ընդդիմադիր դաշտի ձայները։
Ձեզ թվում է՝ Վահան Բաբայանը, Արման Թաթոյանը, այսօր նրան միացած Ավետիք Չալաբյանն՝ իր անհասկանալի «Հայաքվեով», Երևանի ավագանու ընտրություններին Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների աջակցությունը վայելող, հետո «Սրբազան պայքարի» կեսից ԱԱԾ-ականների մեքենայի բեռնախցիկում հայտնված ու դրանից հետո «թունդ ընդդիմադիր» դարձած Սուրեն Պետրոսյանը չե՞ն գիտակցում, որ իրենք ինքնակամ կամ ուղղորդված կերպով դաշտ են մտել բացառապես մեկ մարդու օգնելու և նրա օգտին ձայն փոշիացնելու համար։ Թե՞ նրանք մտել են՝ իրար հետ մրցակցելու համար, թե ով որքան օգուտ կարող է տալ Նիկոլին իր փոշիցրած ձայներով։
Մոտավորապես նույն կերպ վարվում է նաև Ռոբերտ Քոչարյանը, որը հաստատ այս ընտրություններին էլ չի կարողանալու «մասնակցել ու կրել»։ Ավելին, նա անգամ 2021 թվի հավաքած քվեների կեսը հազիվ հավաքի այս անգամ։ Բայց նորից խաղի մեջ է մտել, որ․․․․ Կարծում եք՝ նա չի՞ գիտակցում, որ իր գոյությունը քաղաքական դաշտում և իր մասնակցությունը ընտրություններին միայն օգտակար է Նիկոլ Փաշինյանի համար, որ նա բոքսի տանձիկ է աշխատում նիկոլական իշխանության ձեռքին, նրա միջոցով անգամ Սամվել Կարապետյանին են թիրախավորում՝ իբրև Կարապետյանը մտել է խաղի մեջ, որ վերջում Քոչարյանին դարձնի վարչապետ։ Կարծում եք՝ ՔՊ-ականները չգիտե՞ն, որ Սամվել Կարապետյանն ու որևէ մեկը հաստատ Քոչարյանին վարչապետ դարձնելու ցանկություն չունեն և «Տաշիրենք» ինքնուրույն են մտել պայքարի մեջ։ Իհարկե, գիտեն, բայց դիտավորյալ են այդպիսի կեղծ թեզեր շրջանառում, քանի որ քաջ գիտակցում են՝ Քոչարյանի «հրեշավոր» կերպարը, որ ձևավորվել է դեռ Սերժ Սարգսյանի թվերից և Միքայել Մինասյանի թեթև ձեռքով, մինչ օրս շատ լավ աշխատում է։ Իսկ ինքը՝ Քոչարյանը, չի՞ գիտակցում այս ամենը։ Իհարկե, գիտակցում է։ Բայց 1998 թվի «մեծարգո նախագահի» կերպարի տակից մինչ օրս դուրս չեկող Ռոբերտ Քոչարյանը 71 տարեկան հասակում անգամ չի կարողանում հրաժարվել իր «երիտասարդական» ամբցիաներից ու թողնի հեռանա դաշտից, որպեսզի հանկարծ այդ դաշտը չմնա իր գլխավոր քաղաքական ախոյան Սերժ Սարգսյանին ու նրա կողմնակիցներին։
Արթուր Վանեցյանը, նախկինում իր գործած իր բոլոր սխալներով հանդերձ, այդ ամենը գիտակցեց՝ ինչպես գիտակցելով ժամանակին մանդատը դրեց ու դուրս եկավ խորհրդարանից։ Այս մարդիկ դա չեն անում, որովհետև կա՛մ չեն գիտակցում, կա՛մ գիտակցում են, բայց իրենց հզոր մուսկուլներով և պողպատյա հայացքով հանդերձ՝ բավարար կամք, վճռականություն, թույլ տվեք ասել՝ քաղաքական իմաստով բավարար տղամարդկություն և, վերջապես, բավարար հայրենասիրություն չունեն։ Եթե ունենային, իրար միս կրծելու, իրար դեմ պայքարելու, իրար տակ փորելու փոխարեն կմիավորվեին հանուն մեկ նպատակի, ոչ թե իրենց ներքին քննարկումներում բացահայտ կհայտարարեին՝ եթե պիտի ինքը գա (Սերժը, Քոչարյանը, հիմա նաև՝ «Տաշիրը»), ավելի լավ է՝ Նիկոլը մնա։ Ու Նիկոլը կմնա, քանի դեռ այս մարդիկ շարունակում են այս տրամաբանությամբ հայրենասիրություն խաղալ ու խաբել ժողովրդին։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ