Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները կարող են դադարեցվել կարճ ժամկետում, եթե կիևյան իշխանությունները համապատասխան հրաման արձակեն իրենց զինված ուժերին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա նովոստի»-ն։
«Ինչ վերաբերում է Զելենսկուն և պատերազմի ավարտին մինչև տարեվերջ, ապա պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ։ Մենք էլ այդ մասին բազմիցս խոսել ենք, այդ մասին խոսել է նախագահը ՝ արտաքին գործերի նախարարությունում ղեկավար կազմի առջև ելույթ ունենալիս»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ հակամարտության արագ հանգուցալուծման համար անհրաժեշտ է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրահանգի ուկրաինական զորքերին լքել այն տարածքները, որոնք Մոսկվան դիտարկում է որպես Ռուսաստանի Դաշնության վարչական միավորներ։ Պեսկովը շեշտել է, որ այս դիրքորոշումը նոր չէ և նախկինում ևս հնչեցվել է ՌԴ բարձրագույն ղեկավարության կողմից։