Երկու օր առաջ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատեց միանգամից իր երեք տեղակալներին՝ Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանին, Վարդան Վարդանյանին ու Կարեն Հակոբյանին։ Պատճառը վերջին օրերի աղմկահարույց դեպքերն էին՝ կրակոցներ, սպանություններ, որոնք հաջորդեցին մեկը մյուսին՝ Աջափնյակի կրակոցներ, Սևանում դանակահարություն և 19-ամյա երիտասարդ տղայի մահ, Գյումրիում դանակահարություն և դրա հետևանքով մահ, Զովունիում կրակոց և մահ։ Երբ Արփինե Սարգսյանին իր վերջին մամուլի ասուլիսում լրագրողները հիշեցրին, թե Հայաստանում ամեն օր սպանություն է տեղի ունենում, տիկին նախարարը նեղսրտեց, թե չի կարելի այդպես ասել, թե ամեն օր սպանություն է տեղի ունենում։ Այս չորս դեպքերը բառացիորեն իրար հաջորդեցին, ինչը լրիվ լեգիտիմ է դարձնում այդ պնդումը, որ Հայաստանում ամեն օր մարդ է սպանվում։ Եվ սա ոստիկանության թերության, երկրում տիրող ամենաթողության, հանցավորության բարձր մակարդակի և իրավապահ մարմինների կողմից իրավիճակը չվերահսկելու հետևանք է։
Ու այս ամենի ֆոնին Արփինե Սարգսյանը որոշում է իր պատասխանատու երեք տեղակալներին ազատել աշխատանքից։ Առաջին հայացքից տրամաբանական քայլ է՝ ազատել պատասխանատուներին, թեպետ՝ գլխավոր պատասխանատուն հենց ինքն է՝ նախարարը։
Բայց հաջորդ քայլով, Արփինե Սարգսյանն այս անձանց, որոնց ազատել է վատ աշխատանքի, թերանալու համար, նշանակում է իրեն օգնական ու խորհրդականներ (Խուդինյանին՝ օգնական, Վարդանյանին և Հակոբյանին՝ խորհրդականներ)։ Հարց է առաջանում՝ ինչո՞վ պետք է օգնեն կամ ի՞նչ խորհուրդներ պետք է տան իրենց աշխատանքում թերանալու, վատ աշխատելու համար ազատված նախկին փոխոստիկանապետերը։ Գնալու են նախարարին խորհուրդ տան, թե ինչպե՞ս անարդյունավետ պայքարել հանցավորության դեմ, ինչպե՞ս վատ աշխատել և բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստանալ, ինչպե՞ս տապալել կառավարումը։ Սա՞ են խորհուրդ տալու Արփինե Սարգսյանին։ Արդյո՞ք նախարար Սարգսյանն այդ խորհուրդների կարիքն ունի, գուցե նախարարն ի՞նքն էլ է վատ աշխատում։ Իսկ եթե վատ աշխատելու խորհուրդներ չեն տալու, ապա ի՞նչ խորհուրդ պիտի տան՝ ինչպես պայքարել հանցավորության դե՞մ։ Դե, եթե իմանային՝ կպայքարեին ու կհաջողեին այդ հարցում, աշխատանքից էլ չէին ազատվի։ Իմպլիկատիվ դատողությունների այս շղթայում մի բան չի բռնում իրար, տրամաբանական շղթան մի տեղ կտրվում է։
Իսկ կտրված օղակն ունի պարզ բացատրություն․ ՆԳՆ-ում, ինչպես ամբողջ կառավարությունում, կադրային ճգնաժամ է։ Այս մարդիկ պարզապես կադր չունեն, դրա համար էլ ազատված պաշտոնյային տանում մեկ այլ տեղ են պաշտոնի նշանակում, քանզի համակարգը նրանց կարիքն ունի՝ թեկուզ վատ աշխատող կադրի կարիք, բայց ունի։ Վարդանյանը, Հակոբյանն ու Խուդինյանը, ամեն դեպքում, փորձ ունեցող և բավականին բանիմաց կադրեր են, և նրանց ազատում են ընդամենը հանրության աչքին թոզ փչելու համար, որ տեսեք՝ իրար հաջորդող սպանությունների համար ազատումներ եղան։ Իրականում, երկրում տիրող այս հանցավոր իրավիճակի,«բառդակի» ու «բեզպրեդելի» պատճառները Խուդինյանն ու մյուս տեղակալները չեն, խնդիրն ավելի խորքային է, համակարգային ու բխում է ամբողջ իրավապահ համակարգում առկա բարձիթողի վիճակից, թերի, իրար հակասող օրենքներից, իրար դեմ աշխատող և իրար հետ չհամագործակցող իրավապահ կառույցներից և, վերջապես, պետական փնթի, անգրագետ ու անպատասխանատու կառավարումից։ Կարճ ասած՝ պատճառը Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմի մեջ է։
Արթուր Խուդինյանի փոխարեն Պարեկային ծառայության պետ է նշանակվել Սյունիքի գնդի հրամանատար, փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը, որը, ասում են, չի փայլում իր գրագիտությամբ, ու, վստահաբար, ավելի լավը չի լինելու, քան Խուդինյանն էր։ Վարդան Վարդանյանի փոխարեն փոխոստիկանապետ նշանակված և մեզ անհայտ գնդապետ Արթուր Բարսեղյանն էլ, հաստատ, ավելի լավ չի ծառայելու հանցավորության դեմ պայքարին և հրաշքներ չի գործելու։ Գուցե նրա մոտ ստացվի Վարդանյանից ավելի լավ ծառայել Նիկոլ Փաշինյանին ու նրա ռեժիմին, բայց միայն այդքանը։ Կարեն Հակոբյանի փոխարեն էլ նոր մարդ չեն գտել և նրա տեղակալ Կարեն Խաչատրյանին են նշանակել ժամանակավոր պարտականությունները կատարող, որ «յոլլա» տանի։ Այս ամենը կադրային ճգնաժամի խոսուն վկայություն է, և Արփինե Սարգսյանի կատարած այս փոփոություններն ընդամենը իրենից ու իր ղեկավարած համակարգից հանրության մեջ եղած դժգոհությունը առերևույթ թուլացնելու անհույս փորձեր են։
ՎԱՀԵ ՄԱԿԱՐՅԱՆ