ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարություններին՝ հայտարարելով, որ խաղաղության մասին խոսելը չի կարող համատեղելի լինել պատանդների առկայության հետ։
Նրա խոսքով՝ Բաքվում ընթացող դատավարությունները որևէ իրավական հիմք չունեն, իսկ այնտեղ պահվող հայերը ազատությունից զրկված են միայն իրենց ազգային պատկանելության պատճառով։
«Խաղաղությունը և խաղաղության օրակարգն իրենից չի ենթադրում պատանդների առկայություն։ Նման պայմաններում խաղաղության մասին խոսակցությունը հարևան երկրի կողմից ազնվության և անկեղծության լրջագույն դեֆիցիտ ունի»,- նշել է Վարդևանյանը։
Նա մտահոգիչ է համարել այն, որ Հայաստանի իշխանություններից մինչ օրս չի հնչել հստակ և հրապարակային դիրքորոշում Բաքվում պահվող հայերի հարցով։
«Չեմ կարծում, որ մեր հայրենակիցները պատկերացնում էին, որ Բաքվում գտնվող մեր անմեղ հայրենակիցների հարցը պետք է բարձրաձայներ, օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Հայաստանի իշխանություններից այդ մասին ուղիղ դիրքորոշում չլսեինք»,- ասել է նա։