Քննչական կոմիտեն երեկ հայտարարեց, որ քրեական վարույթ է նախաձեռնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ ՝ իբրև թե քաղաքացիության վերաբերյալ տվյալները կեղծելու, ՀՀ-ից բացի այլ երկրի քաղաքացիություն ևս ունենալու համար։
Նարեկ Կարապետյանը երեկ հերքեց, որ նման բան կա՝ նշելով, թե ինքը երբևէ Հայաստանի քաղաքացիությունից բացի որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել։ Միաժամանակ հայտարարեց, որ եթե 24 ժամվա ընթացքում Քննչականը չհերքի իր պնդումը, ապա դատական հայց կներկայացնեն ընդդեմ ՔԿ-ի։ Քննչականի տարածած հաղորդագրությունը երեք հերքեց նաև ՌԴ ԱԳ նախարարությունը՝ պաշտոնապես հայտարարելով, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ անձնագիր չունի, միայն ՀՀ քաղաքացի է։ Թեպետ՝ Ալեն Սիմոնյանը ՌԴ պետռեգիստրի տվյալներ հրապարակեց, որտեղ նշված է, թե Նարեկ Կարենի Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, այդ տվյլաները, սակայն, մի քանի ժամ անց խմբագրվեցին ու, Նարեկ Կարապետյանը 2026 թ․ մայիսի 20-ի ամսաթվով նորից դարձավ միայն ՀՀ քաղաքացի։
Ինչևէ, Makaryan News-ն այսօր Քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում այս գործը, արդյոք Նարեկ Կարապետյանը հրավիրվե՞լ է Քննչական՝ հարցաքննության։ ՔԿ մամուլի խոսնակը, սակայն, կարճ ու կոնկրետ ասաց․ «Նախաքննություն է ընթանում, չենք մեկկնաբանում»։
Մեր ջանքերը՝ բացատրելու, որ մենք նախաքննական գաղտնիքի հանրայնացում չենք ակնկալում իրենից, այլ ընդամենը ուզում ենք ճշտել՝ Կարապետյանը հարցաքննվե՞լ է, անցան ապարդյուն, ՔԿ-ից ասացին՝ չեն մեկնաբանում և վերջ։
Մեր մյուս հարցերին ևս, թե ինչպե՞ս կմեկնաբանեն այն, որ ՌԴ ԱԳՆ-ից հերքել են իրենց պնդումը, նաև Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ դատարան է դիմելու զրպարտության համար, նորից նույն պատասխանն ստացանք․ «Չենք մեկնաբանում»։
Տպավորություն է, թե հատուկ հրահանգ կա՝ այս գործով որևէ բան չասել, այսինքն՝ տարածել հաղորդագրություն, մարդուն մեղադրել կոնկրետ մեղքի մեջ, և նույնիսկ դրա վերաբերյալ պաշտոնական հերքումներ ստանալուց հետո էլի երկու ոտքը մի կոշիկ դրած՝ իրենց ուզածն անել ու որևէ կերպ չմեկնաբանել, որևէ հանրային պատասխանատվություն չցուցաբերել, որ հանրությունն իմանա՝ ում ինչի համար են մեղադրում կամ արդյոք հիմնավո՞ր է հարուցված գործը, թե՞ հերթական շինծու գործն է՝ կարված իշխանությունների պատվերով, ընդդիմադիրների վրա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ